ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik․ Բնակարանների և ավտոկայանատեղիների առուվաճառքի առոչինչ պայմանագրեր կնքելով՝ ՍՊ ընկերությունների տնօրենը 14 քաղաքացուց շուրջ 521․000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է հափշտակել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Պարզվել է, որ թվով երեք ՍՊ ընկերությունների տնօրեն Ս.Զ.-ն, տեղյակ լինելով, որ Երևանի Դավթաշեն վարչական շրջանի երեք հասցեներում քաղաքապետարանի կողմից տրվել է 12 հարկանի բազմաբնակարան շենքեր կառուցելու թույլտվություններ, խաբել է մի շարք քաղաքացիների։
Ս.Զ.-ն 2018թ․ ընթացքում իրեն վստահած քաղաքացիների հետ այդ բնակարանների, ինչպես նաև՝ ավտոկայանատեղիների՝ ի սկզբանե առոչինչ առուվաճառքի նախնական պայմանագրեր է կնքել, որոնք նոտարական կարգով չեն վավերացվել և չեն ստացել իրավունքների պետական գրանցում:
Բնակարանների ձեռք բերման պատրվակով Ս.Զ.-ն քաղաքացիներից ստացել է առանձնապես խոշոր չափերի կանխավճարներ, իսկ ավտոկայանատեղիների դեպքում՝ դրանց արժեքն ամբողջությամբ:
Հետագայում իրեն հանձնված գումարները հափշտակելով՝ Ս.Զ.-ն դրանք տնօրինել է սեփական կարիքների համար՝ այդ կերպ անձանց պատճառելով խոշոր և առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս:
Նախաքննության ընթացքում 14 անձ տուժող է ճանաչվել: Վերջիններիս հասցված ընդհանուր վնասի չափը, քննության տվյալներով, կազմում է շուրջ 521.358 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:
Տուժողներին հասցված վնասից շուրջ 294.354 ԱՄՆ դոլարին համարժեք դրամը նախաքննության ընթացքում Ս.Զ.-ի կողմից հատուցվել է:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ վերջինիս մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածով (խոշոր չափով և առանձնապես խոշոր չափով վստահված գույքը հափշտակելը):
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին: