Պուտինի աչքից չի վրիպել Փաշինյանի և Ալիևի աշխույժ զրույցը

Վլադիմիր Պուտինը նշել է, որ սահմանազատման գործընթացի մեկնարկը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ճիշտ ճանապարհն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի աչքից չի վրիպել Կազանում ընթացող ԲՐԻԿՍ գագաթնաժողովի ԲՐԻԿՍ+ ձևաչափով քննարկումների ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աշխույժ զրույցը:
Մավրիտանիայի նախագահի ելույթի ժամանակ Փաշինյանի և Ալիևի զրույցը գրավել է բոլորի ուշադրությունը, սակայն, ըստ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի, դա չի խանգարել գագաթնաժողովի ընդհանուր քննարկմանը: ԲՐԻԿՍ+ լիագումար նիստում Փաշինյանի ելույթից հետո Պուտինն անդրադարձել է հայ–ադրբեջանական թեմային։
«Շատ հաճելի է նշել, որ սահմանազատման և սահմանագծման գործընթաց է սկսվել, իսկ դա խաղաղության պայմանագրի ճիշտ ուղին է։ Շատ լավ է, որ ձեզ հաջողվեց այսօրվա աշխատանքի ընթացքում կարծիքներ փոխանակել Ադրբեջանի նախագահի հետ: Սա արդեն դրական քայլ է մեր միջոցառման շրջանակում»,– նշել է Պուտինը:
Ռուսաստանի ղեկավարը նաև կարևորել է Փաշինյանի նշած լոգիստիկ նախագծերը և ընդգծել` Մոսկվայի համար կարևոր է, որ Հայաստանը դրական է վերաբերվում Ադրբեջանի և տարածաշրջանի այլ երկրների հետ համագործակցությանը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետը մեկօրյա աշխատանքային այցով գտնվում է Կազանում, ուր ժամանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով։ Նա մասնակցում է գագաթնաժողովի վերջին օրվա միջոցառումներին։
ԲՐԻԿՍ–ի երկրները համաշխարհային ՀՆԱ–ի մասնաբաժնով առաջ են անցել G7–ից. Պուտին
ԲՐԻԿՍ երկրների գագաթնաժողովը պետությունների ղեկավարների մասնակցությամբ անցկացվում է Կազանում հոկտեմբերի 22-24-ը: Կազմակերպության նախագահի պաշտոնը 2024 թվականի հունվարի 1-ից զբաղեցնում է Ռուսաստանը` արդարացի գլոբալ զարգացման և անվտանգության համար բազմակողմանիության ամրապնդման կարգախոսի ներքո:
ԲՐԻԿՍ-ը միջպետական միավորում է, որը ստեղծվել է 2006-ին Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի և Բրազիլիայի կողմից, 2011-ին Հարավային Աֆրիկայի Հանրապետությունն է ընդգրկվել կառույցում:
2024 թվականի սկզբից ԲՐԻԿՍ-ին միացել են նաև Եգիպտոսը, Եթովպիան, Իրանը, ԱՄԷ-ն և Սաուդյան Արաբիան։