ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ այցը կտևի մեկ օր, ՀՀ վարչապետը Կազանում կմասնակցի «ԲՐԻԿՍ+» գագաթնաժողովին:
ԲՐԻԿՍ երկրների գագաթնաժողովը պետությունների ղեկավարների մասնակցությամբ անցկացվում է Կազանում հոկտեմբերի 22-24-ը: Կազմակերպության նախագահի պաշտոնը 2024 թվականի հունվարի 1-ից զբաղեցնում է Ռուսաստանը` արդարացի գլոբալ զարգացման և անվտանգության համար բազմակողմանիության ամրապնդման կարգախոսի ներքո:
Ավելի վաղ ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն ասել էր, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնարավորություն կունենան շփվելու ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակում:
ՀՀ վարչապետն իր հերթին հոկտեմբերի 23–ին Ազգային ժողովում հայտարարեց, որ ԲՐԻԿՍ–ի գագաթնաժողովին մասնակցելը կարևոր է Հայաստանի համար, քանի որ դրա օրակարգն ուղղակիորեն վերաբերում է մեր երկրին:
ԲՐԻԿՍ-ը միջպետական միավորում է, որը ստեղծվել է 2006-ին Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի և Բրազիլիայի կողմից, 2011-ին Հարավային Աֆրիկայի Հանրապետությունն է ընդգրկվել կառույցում:
2024 թվականի սկզբից ԲՐԻԿՍ-ին միացել են նաև Եգիպտոսը, Եթովպիան, Իրանը, ԱՄԷ-ն և Սաուդյան Արաբիան։