Փաշինյանն ու Ալիևը քննարկում են անցկացրել ԲՐԻԿՍ գագաթնաժողովի ժամանակ. տեսանյութ

Երկու պետությունների ղեկավարներն ակտիվ զրուցել են մյուս մասնակիցների ելույթի ժամանակ։
Sputnik
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քննարկումներ են անցկացրել ԲՐԻԿՍ գագաթնաժողովի շրջանակում:
Սկզբում Փաշինյանն ու Ալիևն են մտքեր փոխանակել, այնուհետև զրույցին միացել են արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը։
Հատկանշական է, որ քննարկումը տեղի է ունեցել գագաթնաժողովի մյուս մասնակիցների ելույթների ժամանակ։
Ավելի վաղ Փաշինյանը երկկողմ հանդիպում է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետը մեկօրյա աշխատանքային այցով գտնվում է Կազանում, ուր ժամանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով։ Նա մասնակցում է գագաթնաժողովի վերջին օրվա միջոցառումներին։
ԲՐԻԿՍ–ի երկրները համաշխարհային ՀՆԱ–ի մասնաբաժնով առաջ են անցել G7–ից. Պուտին
ԲՐԻԿՍ երկրների գագաթնաժողովը պետությունների ղեկավարների մասնակցությամբ անցկացվում է Կազանում հոկտեմբերի 22-24-ը: Կազմակերպության նախագահի պաշտոնը 2024 թվականի հունվարի 1-ից զբաղեցնում է Ռուսաստանը` արդարացի գլոբալ զարգացման և անվտանգության համար բազմակողմանիության ամրապնդման կարգախոսի ներքո:
ԲՐԻԿՍ-ը միջպետական միավորում է, որը ստեղծվել է 2006-ին Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի և Բրազիլիայի կողմից, 2011-ին Հարավային Աֆրիկայի Հանրապետությունն է ընդգրկվել կառույցում:
2024 թվականի սկզբից ԲՐԻԿՍ-ին միացել են նաև Եգիպտոսը, Եթովպիան, Իրանը, ԱՄԷ-ն և Սաուդյան Արաբիան։