Պաղեստինը ցանկանում է միանալ ԲՐԻԿՍ-ին. Մահմուդ Աբաս

Մահմուդ Աբաս
Պաղեստինի նախագահը նշել է որ վերազգային շատ կառույցներ ունակ չեն լուծելու ընթացիկ ճգնաժամերն ու հին խնդիրները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբեր – Sputnik. Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը Կազանում ԲՐԻԿՍ 16-րդ գագաթնաժողովի լիագումար նիստի ԲՐԻԿՍ+ ձևաչափով քննարկումների ժամանակ հայտարարել է կազմակերպությանը միանալու ցանկության մասին:
Նրա խոսքով ՝ Պաղեստինը կարևոր է համարում այն սկզբունքները, որոնց վրա հիմնված է ԲՐԻԿՍ-ը։ Դա վերաբերում է զարգացմանը, արդարությանը և երկխոսությանը։ Պաղեստինի ժողովրդի համար նույնպես կարևոր են այդ արժեքները։
«Շնորհակալություն ենք հայտնում ԲՐԻԿՍ-ի երկրներին Պաղեստինի ժողովրդին անկախության և ազատության ձգտման հարցում աջակցելու համար։ Մենք հաստատում ենք, որ Պաղեստինի պետությունը ցանկանում է միանալ ԲՐԻԿՍ խմբին, ամրապնդել գործընկերային կապերն ու փոխգործակցությունը, մասնակցել խմբի տարբեր միջոցառումներին», - ասել է Աբասը։
Աբասը նշել է, որ մի շարք երկրների` ԲՐԻԿՍ-ին միանալու աճող ցանկության պատճառը նոր, ավելի արդար և հավասարակշռված աշխարհակարգ մշակելն է, վերազգային մի շարք կառույցների անկարողության պայմաններում լուծել ընթացիկ ճգնաժամերն ու հին խնդիրները ։ Մասնավորապես, նրա խոսքով, դա վերաբերում է պաղեստինյան խնդրին։ Նա նշել է, որ Պաղեստինի ժողովուրդը տառապում է մարդասիրական աղետի պատճառով, որն ամենամեծն է 1948 թվականից ի վեր: Աբասը Իսրայելին մեղադրել է Գազայում ցեղասպանություն և էթնիկ զտումներ իրականացնելու մեջ։
Հիշեցնենք` այս տարվա մայիսի 28–ին Պաղեստինը ճանաչեցին Իռլանդիան, Իսպանիան և Նորվեգիան։ Մինչ այդ Պաղեստինը ճանաչում էին ԵՄ 9 երկրներ։ 8 երկիր՝ Բուլղարիան, Կիպրոսը, Չեխիան, Հունգարիան, Մալթան, Լեհաստանը, Ռումինիան և Սլովակիան, այդ քայլն արել են 1988 թ-ին՝ դեռևս ԵՄ-ին անդամակցելուց առաջ, իսկ Շվեդիան՝ 2014 թ-ին:
Հունիսի 21-ին ՀՀ ԱԳՆ-ն հանդես եկավ Պաղեստինի պետությունը ճանաչելու մասին հայտարարությամբ: