ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. «Դանա» մոտեցող ցիկլոնի պատճառով ավելի քան մեկ միլիոն մարդ կտարհանվի Հնդկաստանի Օդիշա նահանգում, որը գտնվում է Բենգալյան ծոցի ափերի մոտ։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտնել է նահանգի գլխավոր նախարար Մոհան Չարան Մաջին։
«Մինչև չորեքշաբթի երեկո տարհանվել է «վտանգավոր գոտում» ապրող բնակչության մոտ 30%–ը կամ շուրջ 300-400 հազար մարդ», – հայտնել է նա ճեպազրույցի ժամանակ։
Նախարարը հիշեցրել է, որ նահանգի իշխանությունները խնդիր էին դրել ափամերձ շրջաններից տարհանել 1.06 մլն մարդու։
«Դանա» ցիկլոնը, որի քամու ուժգնությունը, ինչպես ակնկալվում է, կհասնի ժամում 120 կմ–ի, ուրբաթ առավոտյան կհարվածի Օդիշայի ափերին` Բհիտարկանիկա ազգային պարկի և Դհամրա նավահագնստի միջև։ Հոկտեմբերի 23–ին ձևավորված ցիկլոնը կբերի ուժեղ անձրևներ Արևմտյան Բենգալիա նահանգի մի քանի հարավային շրջաններ, ներառյալ Կալկաթան։
Մոտեցող ցիկլոնի պատճառով նահանգների իշխանությունները դադարեցրել են լաստանավային հաղորդակցությունն ու չեղարկել հոկտեմբերի 23-27-ն ընկած ժամանակահատվածում նախատեսված ավելի քան 170 երկաթուղային ուղերթ։ Բացի այդ, տեղական ժամանակով ժամը 18:00–ից սկսած (Հայաստանի ժամանակով` 16.30) այսօր և վաղը 15 ժամով կդադարեցվեն թռիչքները Կալկաթայի Նեթաջի Սուբհաշ Չանդրա Բոզեի անվան օդանավակայանից։
Օդիշայի և Արևմտյան Բենգալիա նահանգների իշխանությունները փակել են նաև ուսումնական բոլոր հաստատություններն այն շրջաններում, որոնք կարող են հայտնվել տարերքի տակ և ներգրավել աղետների արձագանքման ազգային ուժերի ընդհանուր 56 խմբի։ Հնդկաստանի առափնյա պահպանությունը հայտնել է, որ բարձր պատրաստության աստիճանի է բերվել և մոբիլիզացրել իր նավերն ու ավիացիան։