ՀՀ ԳԱԱ-ն և Ռուսաստանի ԳԱ Սանկտ Պետերբուրգի բաժանմունքը կհամագործակցեն

Ստորագրվել է չորս ուղղություններով փոխգործակցության ճանապարհային քարտեզ
Համագործակցության ուղղություններն ընդգրկում են այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են բիոինժեներությունը, ագրոբիոտեխնոլոգիաները, բժշկությունը, սոցիալական, հումանիտար, տնտեսական գիտությունները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիան և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Սանկտ Պետերբուրգի բաժանմունքը ստորագրել են չորս ուղղություններով փոխգործակցության ճանապարհային քարտեզ:
Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Սանկտ Պետերբուրգի բաժանմունքի նախագահ Անդրեյ Ռուդսկոյը:
Սաղյանն ընդգծել է, որ Հայաստանի գիտական համայնքը չի մոռանում այն հսկայական աջակցությունը, որ ստացել է ԽՍՀՄ տարիներին, ինչի շնորհիվ հայ գիտությունը միջազգային ճանաչում է ձեռք բերել:
«Դուք պարզապես հյուրեր չեք, այլ՝ մտերիմ և հարգելի գործընկերներ։ Այսօր հաջողությամբ զարգանում է համագործակցությունը գիտական կազմակերպությունների, գիտնականների միջև, պայմանագրեր և ճանապարհային քարտեզներ են ստորագրվել Կուրչատովի ինստիտուտի, «Ռոսատոմի» և այլ գիտական կառույցների հետ: Այս այցը ևս մեկ քայլ է մեր երկրների գիտական ինստիտուտների միջև զարգացման ճանապարհին», - ասել է Սաղյանը։
Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի խոսքով՝ գիտական և կրթական ոլորտներում դժվար է գերագնահատել Ռուսաստանի և Հայաստանի կառուցողական փոխգործակցության կարևորությունը, և այսօր ստորագրված համաձայնագրերը կոչված են էական ներդրում ունենալ երկու երկրների ակադեմիական, համալսարանական համայնքի փոխգործակցության ընդլայնման գործում:
«Ռուսաստանի հյուսիս-արևմուտքի ավելի քան 25 առաջատար գիտական հաստատություններ և կազմակերպություններ և Հայաստանի ակադեմիայի ավելի քան 30 գիտական ինստիտուտներ սերտ փոխգործակցությամբ լուծելու են բարդ խնդիրներ՝ պատվաստանյութերի մշակումից մինչև լազերային ֆիզիկայի բնագավառում մշակումներ», - հայտարարել է Կոպիրկինը:
Դիվանագետի խոսքով՝ այդ ոլորտներում փոխգործակցությունը լավ օրինակ է այն բանի, թե ներկայում ինչպիսին կարող է լինել երկու երկրների հարաբերությունների նկատմամբ մոտեցումը: Կոպիրկինն ընդգծել է, որ երկու ժողովուրդներին էլ դարեր շարունակ միավորում են ավանդույթներն ու գիտական ներուժի հարմարեցումը նոր իրողություններին:
Համագործակցության ուղղությունների ցանկում են այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են բիոինժեներությունը, ագրոբիոտեխնոլոգիաները, բժշկությունը, սոցիալական, հումանիտար, տնտեսական գիտությունները, կիրառական գիտությունները և արդյունաբերական տեխնոլոգիաները, ինչպես նաև ֆիզիկամաթեմատիկական գիտությունները:
ՀՀ ԳԱԱ-ն և Ռուսաստանի ԳԱ Սանկտ Պետերբուրգի բաժանմունքը կհամագործակցեն
Անդրեյ Ռուդսկոյը հիշեցրել է հայ գիտնականների ներդրումը ռուսական գիտության զարգացման գործում։ Նա ընդգծել է, որ ստորագրվող ճանապարհային քարտեզների հիմքում պրոֆիլային ինստիտուտների շփումների վերածնունդն է։ Դա համատեղ նախագծերի իրականացումն է, գիտաժողովներին, սիմպոզիումներին մասնակցությունը, տեղեկատվության և երիտասարդ մասնագետների փոխանակումը:
Միջոցառման ընթացքում համագործակցության համաձայնագիր Է ստորագրվել նաև Սանկտ Պետերբուրգի Պետրոս Մեծի անվան Պոլիտեխնիկական համալսարանի և Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի միջև: