ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն արտգործնախարարներին հանձնարարել են շարունակել խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները՝ հնարավորինս սեղմ ժամկետում այն վերջնականացնելու և կնքելու նպատակով։ Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն այսօր հանդիպել են Կազանում ԲՐԻԿՍ–ի 16-րդ գագաթնաժողովի շրջանակում։ Հանդիպմանը մասնակցել են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը:
Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են խաղաղության օրակարգի առաջմղմանը վերաբերող հարցեր, այդ թվում` խաղաղության պայմանագիրը, սահմանազատումն ու սահմանագծումը, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետը մեկօրյա աշխատանքային այցով գտնվում է Կազանում, ուր ժամանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով։ Նա մասնակցում է գագաթնաժողովի վերջին օրվա միջոցառումներին։
ԲՐԻԿՍ երկրների գագաթնաժողովը պետությունների ղեկավարների մասնակցությամբ անցկացվում է Կազանում հոկտեմբերի 22-24-ը: Կազմակերպության նախագահի պաշտոնը 2024 թվականի հունվարի 1-ից զբաղեցնում է Ռուսաստանը` արդարացի գլոբալ զարգացման և անվտանգության համար բազմակողմանիության ամրապնդման կարգախոսի ներքո:
ԲՐԻԿՍ-ը միջպետական միավորում է, որը ստեղծվել է 2006-ին Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի և Բրազիլիայի կողմից, 2011-ին Հարավային Աֆրիկայի Հանրապետությունն է ընդգրկվել կառույցում:
2024 թվականի սկզբից ԲՐԻԿՍ-ին են միացել նաև Եգիպտոսը, Եթովպիան, Իրանը, ԱՄԷ-ն և Սաուդյան Արաբիան։