«Եթե կան լուսանկարներ, ուրեմն ինչ-որ բան ցույց են տալիս». Պուտինը՝ կորեական զորքի մասին

Ռուսաստանի նախագահը հայտնել է, որ Հյուսիսային Կորեայի հետ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը վավերացվել է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է հատուկ ռազմագործողության գոտում հյուսիսկորեական զորքերի առկայությունը:
Հյուսիսային Կորեայի զորքերի առկայության մասին գրել են արևմտյան ԶԼՄ-ները, որոնք, իբր, նկատել են նրանց արբանյակից արված լուսանկարներում։
«Լուսանկարները լուրջ բան են․ եթե դրանք կան, ուրեմն ինչ-որ բան ցույց են տալիս», – ասել է Ռուսաստանի առաջնորդը:
Նա տեղեկացրել է, որ այսօր վավերացվել է Հյուսիսային Կորեայի հետ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը: «Այնտեղ կա 4-րդ հոդվածը, և մենք երբեք չենք կասկածել, որ Կորեայի ղեկավարությունը լուրջ է վերաբերվում մեր պայմանավորվածություններին։ Թե այդ հոդվածի շրջանակներում ինչ և ինչպես ենք անելու՝ դա արդեն մեր գործն է», - հայտարարել Է Պուտինը։
Նրա խոսքով՝ Ուկրաինայում իրավիճակի էսկալացիան տեղի ունեցավ ոչ թե Ռուսաստանի գործողությունների, այլ 2014 թվականի պետական հեղաշրջման պատճառով, որին աջակցում էր ԱՄՆ-ը։
Պետք է սկսել համալիր գործընթաց․ Պուտինը կոչ արեց դադարեցնել բռնությունը Մերձավոր Արևելքում
«Իսկ ինչո՞ւ են 8 տարի մեզ խաբել, որ ուզում են հակամարտությունը լուծել խաղաղ միջոցներով՝ Մինսկի համաձայնագրերով։ Ավելի ուշ ուղիղ ասացին, որ այդ ժամանակն օգտագործել են ուկրաինական բանակը զինելու համար։ Մի՞թե դա այդպես չէ: Այդպես է», - շեշտել է նա։
Նշենք, որ ՌԴ-ի և Հյուսիսային Կորեայի միջև ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը ստորագրվել է Փհենյանում 2024 թվականի հունիսի 19-ին։ Այն նախատեսում է մշտական գործընկերություն՝ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և ներքին գործերին չմիջամտելու փոխադարձ հարգանքի սկզբունքների հիման վրա։