Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ստավրոպոլի հնագույն հայկական գյուղը մարդասիրական օգնություն է ուղարկել Կուրսկի մարզ

Օգնության արշավը նախաձեռնել է «Նոյյան տապան» հասարակական կազմակերպությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Ստավրոպոլի երկրամասում գտնվող հայկական Էդիսիա գյուղն ավելի քան 16 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Կուրսկի մարզ՝ Ուկրաինայի զինված ուժերի հարձակումներից տուժածներին։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի հայերի միությունը։
Հայկական Էդիսիա գյուղի հավաքած մարդասիրական օգնությունը
Օգնության արշավը նախաձեռնել է Էդիսիայում գործող «Նոյյան տապան» հասարակական կազմակերպությունը (ղեկավար՝ Կարեն Զարգարով)։
Մարդասիրական բեռը ներառում է 10,5 տոննա ալյուր, 3,5 տոննա մակարոնեղեն, 1,1 տոննա շաքար, 2 տոննա խմելու ջուր, արագ պատրաստման սնունդ, անձնական հիգիենայի միջոցներ, լվացքի փոշիներ, ավելի քան 120 զույգ մանկական կոշիկ, 150 գազայրիչ, քողարկման ցանցեր, 2 գլանափաթեթ պոլիէթիլենային թաղանթ և այլն:
Էդիսիան Ստավրոպոլի հայաբնակ հին գյուղ է: Հիմնադրվել է 18-րդ դարի վերջին։
Հիշեցնենք` ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը հայտնել էր, որ օգոստոսի 6-ին՝ առավոտյան ժամը 5: 30-ին, Ուկրաինայի զինված ուժերի շուրջ հազար հոգանոց խմբավորումն անցել է հարձակման` նպատակ ունենալով տարածքներ գրավել Կուրսկի մարզում։ Ուկրաինական զինուժի առաջխաղացումը դեպի ՌԴ տարածքի խորքը կասեցվել է։ ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետը նշել էր, որ Կուրսկի մարզում գործողությունը կավարտվի, երբ հակառակորդը կջախջախվի, իսկ ռուսական զորքը դուրս կգա ՌԴ պետական սահման։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով Կուրսկի մարզում տիրող իրավիճակը, հայտարարել է, որ Կիևի ռեժիմը հերթական լայնածավալ սադրանքն է ձեռնարկել, անկանոն կրակոցներ է արձակում, այդ թվում՝ քաղաքացիական թիրախների ուղղությամբ: ՌԴ նախագահը վստահեցրել է, որ հակառակորդն արժանի պատասխան կստանա, Ռուսաստանի զինված ուժերի առջև դրված բոլոր նպատակներին կհասնեն:
Կուրսկի, ինչպես նաև Բելգորոդի և Բրյանսկի մարզերում քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար հակաահաբեկչական գործողության ռեժիմ է սահմանվել։