ՌԴ նախագահն առաջարկում է ԲՐԻԿՍ–ի հացահատիկային բորսա ստեղծել

Վլադիմիր Պուտին
Վլադիմիր Պուտինը նշեց, որ նոր բորսան թույլ կտա պաշտպանել ԲՐԻԿՍ անդամ երկրների ազգային շուկաները արտաքին անբարենպաստ միջամտությունից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանն առաջարկում է ստեղծել ԲՐԻԿՍ–ի հացահատիկային բորսա՝ հետագայում լիարժեք ապրանքահումքային բորսայի վերածելու հնարավորությամբ։ Կազանում ընթացող ԲՐԻԿՍ 16–րդ գագաթնաժողովի ընդլայնված նիստի ժամանակ այս մասին ասաց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
ԲՐԻԿՍ–ի մի շարք պետություններ հացահատիկային մշակաբույսերի աշխարհի խոշորագույն արտադրողների շարքում են: Դա, ըստ ՌԴ նախագահի, կնպաստի, որ հացահատիկի բորսան ձևավորի պարենային ապրանքների արդար և կանխատեսելի ցուցանիշներ:
Պուտինի խոսքով` դա թույլ կտա նաև պաշտպանել միության անդամ երկրների ազգային շուկաները արտաքին անբարենպաստ միջամտությունից։
«Ժամանակի ընթացքում կարելի է մտածել հացահատիկի բորսան լիարժեք ապրանքային բորսայի վերածելու մասին»,– նշեց Պուտինը։
Ըստ նրա՝ դա առավել արդիական է, քանի որ ԲՐԻԿՍ անդամ երկրները էներգառեսուրսների շատ խոշոր արտադրողներ և սպառողներ են։
ՌԴ նախագահն ավելացրեց, որ նպատակահարմար է ստեղծել նաև թանկարժեք մետաղների առանձին հարթակներ, քանի որ այդ շուկան ունի տարբեր խոչընդոտներ:
ԲՐԻԿՍ–ի երկրները համաշխարհային ՀՆԱ–ի մասնաբաժնով առաջ են անցել G7–ից. Պուտին
Նշենք, որ ԲՐԻԿՍ երկրների գագաթնաժողովը պետությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի կունենա Կազանում հոկտեմբերի 22-24-ը: Կազմակերպության նախագահի պաշտոնը 2024 թվականի հունվարի 1-ից զբաղեցնում է Ռուսաստանը` արդարացի գլոբալ զարգացման և անվտանգության համար բազմակողմանիության ամրապնդման կարգախոսի ներքո:
ԲՐԻԿՍ-ը միջպետական միավորում է, որը ստեղծվել է 2006-ին Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի և Բրազիլիայի կողմից, 2011-ին Հարավային Աֆրիկայի Հանրապետությունն է ընդգրկվել կառույցում:
2024 թվականի սկզբից ԲՐԻԿՍ-ին միացել են նաև Եգիպտոսը, Եթովպիան, Իրանը, ԱՄԷ-ն և Սաուդյան Արաբիան։
Հայաստանի արևմտամետ քաղաքականությունը լուրջ ռիսկեր է պարունակում. քաղաքագետ