ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik․ ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստում ընդունված 2 հայտարարություններին Հայաստանը չմիացավ, որովհետև որոշ ձևակերպումներ ընդունելի չէին։ Այսօր Ազգային ժողովում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Լիլիթ Մինասյանի հարցին։
Նա հետաքրքրվել էր, թե ինչու Հայաստանը չմիացավ Մոսկվայում կայացած ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի արդյունքներով ընդունված հայտարարություններից երկուսին` «Եվրասիայում անվտանգության ապահովման սկզբունքների» և «Միջազգային հարաբերություններում միակողմանի միջոցների անթույլատրելիության մասին» փաստաթղթերին։
«Չեմ ուզում շատ բացել քննարկումների մանրամասները, որովհետև դրանք, այնուամենայնիվ, փակ դռների հետևում են եղել, և որոշ դիվանագիտական, խորհրդապահական տարրեր են պարունակում, գուցե էթիկայի տեսանկյունից էլ շատ ճիշտ չէ։ Մենք առաջարկել ենք ձևակերպումներ, որոնք տեղ չեն գտել այդ հայտարարություններում, և հակառակը, այդ հայտարարություններում կային ձևակերպումներ, որոնք մեզ համար ընդունելի չեն եղել»,- նշեց նախարարը։
Նրա խոսքով՝ քննարկումների արդյունքում էլ որոշում կայացվեց չմիանալ փաստաթղթերին։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտնել էր, որ Հայաստանը չի միացել հոկտեմբերի 7-ին Մոսկվայում կայացած ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի արդյունքներով ընդունված հայտարարություններից երկուսին` «Եվրասիայում անվտանգության ապահովման սկզբունքների» և «Միջազգային հարաբերություններում միակողմանի միջոցների անթույլատրելիության մասին» փաստաթղթերին։
Ավելի ուշ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել էր, որ Երևանը մասնակցել է փաստաթղթի քննարկումներին, տեքստի վերաբերյալ առաջարկներ է արել, որոնցից շատերը հաշվի են առնվել։ Բայց ԱՊՀ Արտգործնախարարների խորհրդի նիստում այն չի ստորագրել։