Իրանը հարմար խաչմերուկ է Հյուսիս–Հարավ և Արևմուտք–Արևելք միջանցքների համար. Փեզեշքիան

Մասուդ Փեզեշքիան
ԻԻՀ նախագահը կարևորել է արևմտյան պատժամիջոցների դեմ համատեղ գործողությունները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Իրանը ռազմավարական դիրքի շնորհիվ հարմար օղակ է Հյուսիս-Հարավ և Արևելք-Արևմուտք միջազգային տրանսպորտային միջանցքների համար։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն այս մասին հայտարարել է ԲՐԻԿՍ-ի կազանյան գագաթնաժողովի շրջանակում կայացած նեղ ձևաչափով նիստի ժամանակ։
«Կառուցողական համագործակցության զարգացման միջոցով մենք կարող ենք նոր ցանց ստեղծել էներգառեսուրսների և ապրանքների տեղափոխման համար», – նշել է նա։
Իրանի նախագահի կարծիքով՝ համաշխարհային տնտեսության ամենակարևոր խնդիրներից մեկը պատժամիջոցներն են, որոնք միակողմանիորեն կիրառում են արևմտյան երկրները: Միլիոնավոր մարդիկ տասնյակ երկրներում զգում են դրանց ազդեցությունը։
Փեզեշքիանը կարծում է, որ անօրինական պատժամիջոցներին հակազդելը պահանջում է համատեղ գործողություններ և մեխանիզմներ: Բարեբախտաբար, ԲՐԻԿՍ-ը բազմիցս արտահայտել է իր անհամաձայնությունը պատժամիջոցների քաղաքականությանը: «Բացի այդ, անհրաժեշտ են գործնական և ճշտված քայլեր»,– նշել է ԻԻՀ նախագահը։

ԲՐԻԿՍ–ի երկրները համաշխարհային ՀՆԱ–ի մասնաբաժնով առաջ են անցել G7–ից. Պուտին
Նշենք, որ ԲՐԻԿՍ երկրների գագաթնաժողովը պետությունների ղեկավարների մասնակցությամբ անցկացվում է Կազանում հոկտեմբերի 22-24-ը: Կազմակերպության նախագահի պաշտոնը 2024 թվականի հունվարի 1-ից զբաղեցնում է Ռուսաստանը` արդարացի գլոբալ զարգացման և անվտանգության համար բազմակողմանիության ամրապնդման կարգախոսի ներքո:
ԲՐԻԿՍ-ը միջպետական միավորում է, որը ստեղծվել է 2006-ին Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի և Բրազիլիայի կողմից, 2011-ին Հարավային Աֆրիկայի Հանրապետությունն է ընդգրկվել կառույցում:
2024 թվականի սկզբից ԲՐԻԿՍ-ին միացել են նաև Եգիպտոսը, Եթովպիան, Իրանը, ԱՄԷ-ն և Սաուդյան Արաբիան։
Հայաստանի արևմտամետ քաղաքականությունը լուրջ ռիսկեր է պարունակում. քաղաքագետ