Դուք կանոնակարգ եք ընդունում, իրենք ուզում են «Արևմտյան Ադրբեջան» վերադառնալ․ Քոչարյան

Ընդդիմադիր պատգամավորը հարց էր ուղղել կառավարության ղեկավարին, թե ինչ երաշխիքով է Հայաստանը համաձայնում կանոնակարգի 5-րդ կետով արձանագրված «հատվածային սահմանազատմանը»։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik․ Հայաստանի Հանրապետության սահմանի յուրաքանչյուր հատված պետք է սահմանազատվի, այն պետք է արձանագրվի որևէ կերպ՝ հետագա գործընթացներն իրականացնելու համար։ Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության անդամ Լևոն Քոչարյանի հարցին։
«Այն, ինչ այսօր ԱԺ-ն վավերացրել է, կարծում եմ՝ մենք պետք է ըստ արժանվույն գնահատենք այդ իրադարձությունը, որովհետև դա չափազանց կարևոր է, մենք դրանով արձանագրել ենք ՀՀ լեգիտիմ տարածքների, սահմանների սահմանազատման սկզբունքները, և դրանք պետք է կյանքի կոչվեն»,- ասաց վարչապետը։
Պատգամավոր Լևոն Քոչարյանը հարց էր ուղղել կառավարության ղեկավարին, թե ինչ երաշխիքով է Հայաստանը համաձայնում կանոնակարգի 5-րդ կետով արձանագրված «հատվածային սահմանազատմանը»։ Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ մինչ այստեղ կանոնակարգ են ընդունում, հարևան երկրում Արևմտյան Ադրբեջան վերադառնալու մասին են խոսում։
«Հատվածային սահմանազատումն արվում է մինչև վերջնական համաձայնեցումը։ Օրինակ, եթե հաջորդ հատվածն արվում է Տիգրանաշենում, հայ զինվորն ինչ-որ կետ հետ է քաշվում, հետո հերթը հասնում է, օրինակ, Ջերմուկին, որտեղ մեր սուվերեն տարածքում է գտնվում Ադրբեջանը, ուղղակի դա չեն անում, բայց մենք արդեն փաստացի, ինչպես Տավուշում ենք հետ քաշվել, նույն ձև հետ ենք քաշված լինում այստեղ։ Հասկացանք՝ մինչև վերջ չի հասնում, չի ստորագրվում, բայց արդեն տվե՞լ եք, չէ, տալունը»,- ասաց Քոչարյանը։
Հիշեցնենք` սեպտեմբերի 5-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի վավերացմանը, ինչից հետո հարցը մտավ ՍԴ։
Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 26-ին որոշեց, որ կանոնակարգը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը։
Հոկտեմբերի 21–ին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգը վավերացնելու մասին» օրենքի նախագծին, և այն մտավ ՀՀ ԱԺ` քննարկման ու քվեարկության։
Ե՞րբ է լինելու սահմանազատում և սահմանագծում Ներքին Հանդում. Մանուկյանը` Գրիգորյանին
Նշենք, որ կանոնակարգը 7 հոդված ունի, դրանք հիմնականում գործընթացին վերաբերող տեխնիկական տվյալներ են, ընդհանրական ձևակերպումներ։ Երևանն ու Բաքուն համաձայնել են սահմանազատումն իրականացնել 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի վրա, բայց այդ համաձայնությունը վերջնական չէ։ Կանոնակարգում նշվում է` հնարավոր է, որ խաղաղության համաձայնագրի ընդունումից հետո գործընթացն այլ սկզբունքներով ընթանա։