ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Եթե ՀՀ իշխանությունները կոռուպցիայի հետ կոմպրոմիս ունենային, ապա այդ մասին ոչ ոք ո՛չ կիմանար, ո՛չ կլսեր, ո՛չ էլ ՀՀ–ն «կցնցվեր»։ Այս մասին ԱԺ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին։
Խամոյանը հիշեցրեց` մի քանի օր առաջ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը ԱԺ դահլիճում հայտարարեց, որ իրեն դիմել են ՔՊ պատգամավորներից Հովիկ Աղազարյանի որդիների համար, որոնք կոռուպցիոն ինչ–որ սխեմայի հետ առնչություն ունեն։
«Այս ընթացքում մի անգամ հեռախոսը վերցրել, զանգե՞լ եք ՀՀ գլխավոր դատախազին, հետաքրքրվե՞լ եք` ի՞նչ կա այդ գործից։ Ինչո՞ւ չկա իրավական գործընթաց, սա՞ է կոռուպցիայի դեմ ձեր պայքարը»,– հետաքրքրվեց պատգամավորը։
Փաշինյանը վստահեցրեց, որ ԱԺ–ում տեղի ունեցած այդ միջադեպը դուրս է քաղաքակիրթ բանավեճի ու խոսակցության տրամաբանությունից, և դրան արձագանքը պետք է լինի ոչ թե հեռախոսով, այլ ընթացակարգով։
«Բոլոր իրավական գործընթացները պետք է տեղի ունենան` անկախ նրանից, ես հեռախոս կվերցնե՞մ, թե ոչ, քանի որ ՀՀ–ում հարաբերությունների կարգավորման գործիքը հեռախոսը չէ, այլ օրենսդրությունն է»,– հայտարարեց Փաշինյանը։
Խամոյանն արձագանքեց նրան` ասելով` եթե ՔՊ–ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը լիներ ընդդիմադիր, ապա նրան կզրկեին անձեռնմխելիությունից և քրեական գործ կհարուցեին։
«Մեր խմբակցությունից 3 պատգամավոր եղել են անազատության մեջ։ Ինչ վերաբերում է հեռախոսին, պարո՛ն Փաշինյան, Ձեզ երբ պետք է, լավ էլ հետաքրքրվում եք գործերով, անգամ, երբ ԵԱՏՄ նիստին եք գտնվում. շշուկով հետաքրքրվում եք «Մարտի 1–ի» գործից, Քոչարյանից ի՞նչ կա, ո՞ւմ նստացրին, ո՞ւմ բաց թողեցին, այս մասով էլ Ձեր թեզերը հերքվեցին։ Ուղիղ հարց եմ տալիս` ակնկալելով ուղիղ պատասխան` ինչո՞ւ ՀՀ գլխավոր դատախազը հովանավորչության մարսով գործ չի հարուցել. անցել է արդեն մեկ շաբաթ»,– հետաքրքրվեց պատգամավորը։
Ի պատասխան Փաշինյանն ասաց. «Իսկ ինչո՞ւ Հովիկ Աղազարյանն այստեղ չպետք է նստած լինի։ Այսինքն, ի՞նչ է տեղի ունեցել` դատավճի՞ռ է կայացվել, մարդու մեղավորությո՞ւնն է ապացուցվել։ Նման հայտարարություններով եթե առաջնորդվենք, ապա ձեր խմբակցությունն ընդհանրապես այստեղ նստած չպետք է լիներ»։
Ինչ վերաբերում է Հովիկ Աղազարյանի դեմ քրեական գործի հարուցմանը, ապա նա հայտարարեց, որ դա ՀՀ վարչապետի կամ կառավարության որոշմամբ տեղի չի ունենում. եթե կա հիմք, ապա կհարուցվի նաև քրեական գործ իրավապահ համակարգի կողմից։
Փաշինյանն արդեն հեռանում էր ԱԺ ամբիոնի մոտից, երբ Խամոյանը նրան հիշեցրեց իր հարցը` արդյոք ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը կշարունակի՞ պաշտոնավարել։
«Բոլոր դեպքերով կան կարգապահական վարույթներ, որոնց արդյունքներով կկայացնենք համապատասխան որոշումներ»,– պատասխանեց Փաշինյանը։
Հիշեցնենք` հոկտեմբերի 15-ին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հրավիրած խորհրդարանական լսումների ժամանակ կրքերը թեժացան, երբ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանը դիտողություն արեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին։ ՔԿ ղեկավարը պատգամավորին խնդրեց կոռուպցիայի դեմ պայքարի, հովանավորչության համատեքստում մեկնաբանել, թե ինչ ինչով է պայմանավորված, որ առնվազն երկու անգամ իրեն դիմել են Աղազարյանի տղայի հետ կապված քրեական գործով։ Այս հարցն ավելի զայրացրեց ՔՊ–ական պատգամավորին։