ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. ԲՐԻԿՍ–ի երկրները հաստատել են իրենց աջակցությունը ՄԱԿ–ի (այդ թվում՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդի), համապարփակ բարեփոխումներին՝ դրանց կշիռը բարձրացնելու համար:
ԲՐԻԿՍ–ի երկրների կազանյան հռչակագիրը՝ «Արդար գլոբալ զարգացման և անվտանգության համար բազմակողմանիության ամրապնդումը» խորագրով, հրապարակվել է Կրեմլի կայքում:
«Ճանաչելով Յոհանեսբուրգի 2023 թվականի հռչակագիրը՝ մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը ՄԱԿ–ի (այդ թվում՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդի) համապարփակ բարեփոխմանը՝ բարձրացնելու նրա ժողովրդավարությունը, ներկայացուցչականությունը, արդյունավետությունն ու իրականացումը, ինչպես նաև ընդլայնել ԲՐԻԿՍ–ի խորհրդում զարգացող երկրների ներկայացվածությունը, որպեսզի հնարավոր լինի պատշաճ կերպով արձագանքել հրատապ գլոբալ մարտահրավերներին»,– ասված է փաստաթղթում:
Բացի այդ, ԲՐԻԿՍ–ի ղեկավարները աջակցում են Աֆրիկայի, Ասիայի և Լատինական Ամերիկայի զարգացող երկրների, այդ թվում՝ ԲՐԻԿՍ–ի պետությունների օրինական ձգտումները՝ կարևոր դեր խաղալու միջազգային հարցերում, մասնավորապես ՄԱԿ–ում (ներառյալ ՄԱԿ Անվտանգության խորհուրդը), ինչպես նաև ճանաչել աֆրիկյան երկրների օրինական ձգտումները, որոնք արտացոլված են Էզուլվինիի և Սիրտի հռչակագրերում:
Նշենք, որ ԲՐԻԿՍ երկրների գագաթնաժողովը պետությունների ղեկավարների մասնակցությամբ անցկացվում է Կազանում հոկտեմբերի 22-24-ը: Կազմակերպության նախագահի պաշտոնը 2024 թվականի հունվարի 1-ից զբաղեցնում է Ռուսաստանը` արդարացի գլոբալ զարգացման և անվտանգության համար բազմակողմանիության ամրապնդման կարգախոսի ներքո:
ԲՐԻԿՍ-ը միջպետական միավորում է, որը ստեղծվել է 2006-ին Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի և Բրազիլիայի կողմից, 2011-ին Հարավային Աֆրիկայի Հանրապետությունն է ընդգրկվել կառույցում:
2024 թվականի սկզբից ԲՐԻԿՍ-ին միացել են նաև Եգիպտոսը, Եթովպիան, Իրանը, ԱՄԷ-ն և Սաուդյան Արաբիան։