Բանակում «բարդակ» է, հնարավոր է` թոշակառու սպաներին «վերադարձնեն» զորամասեր. «Հրապարակ»

Զինծառայող
Այս տարվա ընթացքում զինված ուժերում զինծառայողների մահվան 26 դեպք է գրանցվել, որից 6–ը սպանություն է եղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Բանակում ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերը կանխելու համար հնարավոր է` թոշակի անցած սպաներին վերադարձնեն զորամասեր։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Թերթի տեղեկություններով` իշխանությունը ներքին քննարկումներում արձանագրել է, որ բանակում «բարդակ» է, սպայական կադրերի լուրջ դեֆիցիտ կա, օր առաջ պետք է փոխել իրավիճակը, հակառակ դեպքում այդ վիճակագրության դեմն առնել հնարավոր չի լինի։
«Երեկ կառավարությունում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ քննարկում է եղել։ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանն առաջարկել է միջոցներ հատկացնել, որ օրենքում փոփոխություններ մշակեն և հնարավորություն տան թոշակառու սպաներին ծառայության անցնել զորամասերում, ստանալ թե՛ զինվորական թոշակը, թե՛ ծառայության աշխատավարձերը, որ փորձառու սպաները բանակ վերադառնան, և զորամասերը չմնան 18-20 տարեկանների հույսին, ինչի հետևանքը վերջին շրջանում գրանցված մահերի վիճակագրությունն է»,– գրում է լրատվամիջոցը։
Ըստ պարբերականի` նախնական համաձայնություն է ձեռք բերվել, հնարավոր է` օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծ մշակվի:
Հիշեցնենք` ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հոկտեմբերի 15-ին հայտնեց, որ 2024 թվականի հունվարից ի վեր զինված ուժերում զինծառայողների մահվան 26 դեպք է գրանցվել, որից 6–ը սպանություն է եղել, 4–ը` հակառակորդի կողմից սպանություն, 4–ը` ավտովթար, 3–ը` հիվանդության դեպք, 1 դժբախտ պատահար և այլն։