ԱԺ–ն ընդունեց սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը վավերացնելու օրինագիծը

Ազգային ժողով
Օրինագիծն ընդունվեց բացառապես ՔՊ պատգամավորների քվեարկությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik․ Ազգային ժողովն ընդունեց Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը։
Օրինագիծն ընդունվեց 67 կողմ, 0 դեմ և ձեռնպահ ձայներով։
Նշենք, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցել ո՛չ քննարկմանը, ո՛չ էլ քվեարկությանը։ Եվ օրինագիծն ընդունվեց բացառապես «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների քվեարկությամբ։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներ Վահե Ղալումյանն ու Սոնա Ղազարյանը չէին մասնակցում այսօրվա քվեարկությանը, նրանք նախօրոք թողել էին իրենց «կողմ» ձայներով ծրարները։
Հիշեցնենք` սեպտեմբերի 5-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի վավերացմանը, ինչից հետո հարցը մտավ ՍԴ։
Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 26-ին որոշեց, որ կանոնակարգը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը։
Հոկտեմբերի 21–ին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգը վավերացնելու մասին» օրենքի նախագծին, և այն մտավ ՀՀ ԱԺ` քննարկման ու քվեարկության։
Ե՞րբ է լինելու սահմանազատում և սահմանագծում Ներքին Հանդում. Մանուկյանը` Գրիգորյանին
Նշենք, որ կանոնակարգը 7 հոդված ունի, դրանք հիմնականում գործընթացին վերաբերող տեխնիկական տվյալներ են, ընդհանրական ձևակերպումներ։ Երևանն ու Բաքուն համաձայնել են սահմանազատումն իրականացնել 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի վրա, բայց այդ համաձայնությունը վերջնական չէ։ Կանոնակարգում նշվում է` հնարավոր է, որ խաղաղության համաձայնագրի ընդունումից հետո գործընթացն այլ սկզբունքներով ընթանա։