Հանրային տրանսպորտի համար միասնական միջանցքը անհրաժեշտություն է, սակայն պետք է լուրջ մասնագիտական մոտեցում ցուցաբերել.Դալլաքյան

Sputnik
Քաղաքային իշխանությունները որոշել են Երևանում ընդլայնել հանրային տրանսպորտի առավելությունները և շատացնել հանրային տրանսպորտի համար առանձնաված գծերը։ Հիմա դրանք Կենտրոն վարչական շրջանի մի քանի փողոցներում են։
Ի դեպ, վերջերս միակողմանի դարձված Մոսկովյան փողոցում հանրային տրանսպորտի համար առանձնացվել է ոչ թե առաջին, այլ երրորդ երթևեկելի գիծը։ Քաղաքապետարանը նախատեսում է առաջնային փուլով՝ իրագործել միասնական միջանցքի գաղափարը, որով կապվելու են մի քանի վարչական շրջաններ՝ հասարակական տրանսպորտի համար ապահովելով անխոչընդոտ երթևեկություն:
«Այժմ մի քանի միջանցքների գաղափար է դիտարկվում։ Հնարավոր է առանձնացված գծերի ընդլայնում դեպի Իսակովի պողոտա։ Նաև դիտարկվում է կենտրոնով անցնող երկրորդ միջանցքի գաղափարը, որը կշարունակվի դեպի Արշակունյաց պողոտա, Գարեգին Նժդեհի, Բագրատունյանց փողոցներ։ Այժմ դիտարկվում է հնարավորությունը Նոր Նորք վարչական շրջանը Արաբկիր վարչական շրջանին կապելու և Դեպի Մալաթիա-Սեբաստիա շարունակելու ուղղությամբ».-մանրամասնել է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը։
«Հանրային տրանսպորտի համար միասնական միջանցքը անհրաժեշտություն է, սակայն պետք է լուրջ մասնագիտական մոտեցում ցուցաբերել».-Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է «Մուլտի Ավտոտրանս» ընկերության նախկին տնօրեն, Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Արթուր Դալլաքյանը։