Զոռբայության բախումների վառ դրսևորում․ Քոչարյանը՝ Աղազարյան–Քյարամյան միջադեպի մասին

Անդրանիկ Քոչարյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամի կարծիքով` պետական պաշտոնյան պետք է պատրաստ լինի լսել ռեպլիկներ, սուր քննադատություններ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik․ Տեղի ունեցածը ներկա ժամանակների, անցնող և գալիք բարքերի բախումների, պառլամենտարիզմի, կառավարման և կադրային համակարգի առողջացման և զոռբայության բախումների վառ դրսևորում էր։ Այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով օրեր առաջ Քյարամյան-Աղազարյան միջադեպին։
«Արժեքաբանական տեսանկյունից մեր երկրում միշտ եղել են որոշակի խնդիրներ, հատկապես՝ ուժային կառույցներում, որտեղ ԽՍՀՄ-ից ժառանգած արժեքաբանությամբ, 90-ականների ծանր շրջանի դրսևորմամբ, Արցախյան առաջին պատերազմի հետևանքով որոշակի ինքնուրույնության, պետության մեջ պետություն լինելու կամ առնվազն անձեռնմխելի բաստիոններ լինելու սկզբունքներով են ապրել»,- ասաց Քոչարյանը՝ շեշտելով, թե խնդիրն անհատների մեջ չէ։
Ըստ նրա՝ Հայաստանն ընտրել է ժողովրդավարության ճանապարհը, և յուրաքանչյուր պետական պաշտոնյա պետք է պատրաստ լինի լսել ռեպլիկներ, սուր քննադատություններ։
Պատգամավորն ընդգծեց` յուրաքանչյուրը պետք է իր տեղում լինի, այդ թվում՝ խորհրդարանականները։ Նրանք չպետք է լինեն գործադիրի հետ մշտապես համաձայնվողներ կամ տաքուկ տեղում նստածներ, որոնք 1 տարում անգամ մեկ ելույթ չեն ունեցել, անգամ 1 օրենքի քննարկման չեն մասնակցել լիագումար նիստերից դուրս։
Հիշեցնենք` հոկտեմբերի 15-ին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հրավիրած խորհրդարանական լսումների ժամանակ կրքերը թեժացան, երբ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանը դիտողություն արեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին։ ՔԿ ղեկավարը պատգամավորին խնդրեց կոռուպցիայի դեմ պայքարի, հովանավորչության համատեքստում մեկնաբանել, թե ինչ ինչով է պայմանավորված, որ առնվազն երկու անգամ իրեն դիմել են Աղազարյանի տղայի հետ կապված քրեական գործով։ Այս հարցն ավելի զայրացրեց ՔՊ–ական պատգամավորին։
Ինքնախոստովանություն էր. Բագրատ սրբազանը` Քյարամյան–Աղազարյան կոնֆլիկտի մասին