ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի - Sputnik. Ըմբշամարտի մինչև 23 տարեկաննների աշխարհի առաջնության եզրափակիչում Շանթ Խաչատրյանը (72կգ, հունահռոմեական ոճ) 1։3 հաշվով պարտվեց աշխարհի գործող չեմպիոն, վրացի Գիորգի Չխիկվաձեին ու դարձավ արծաթե մեդալակիր։
Եզրափակիչում համառ գոտեմարտ էր, ու երբ հաշիվը 1։1 էր, Խաչատրյանը հնարավորություն ստացավ միավոր վաստակել, քանի որ մրցակիցը պատժվեց պասիվության համար։ Ռիսկի գնալով Շանթը բաց թողեց մրցակցի հակագրոհն ու պարտվեց 1։3 հաշվով։
72 կգ քաշային կարգում Շանթ Խաչատրյանը իր ելույթները սկսեց որակավորման փուլից, որում 10։0 հաշվով ժամանակից շուտ հաղթանակ տարավ շվեյցարացի Մայքլ Պորտմանի նկատմամբ։ 1/8 եզրափակիչում էլ մեր ըմբիշը հաղթեց ժամանակից շուտ։ Այս անգամ 9։0 հաշվով առավելության հասնելով ճապոնացի Կենսակու Օնոյի նկատմամբ։
Նույն հաշիվը Խաչատրյանի օգտին գրանցվեց նաև քառորդ եզրափակիչում, որում նա հաղթեց իրանցի Սեյեդ Սոհրաբիին։ Իսկ կիսաեզրափակիչում Շանթ Խաչատրյանը արդեն իր համար ավանդական դարձած 9։0 հաշվով ժամանակից շուտ հաղթեց շվեդ Գեորգիոս Բարբանոսին։
Ավելի ուշ աշխարհի չեմպիոնի ոսկե մեդալի համար գոտեմարտելու է Հայկ Խլոյանը, որի մրցակիցը 97կգ քաշայինների եզրափակիչում լինելու է Բելառուսի ներկայացուցիչ Աբուբակար Խասլանխանովը։