Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հոկտեմբերի 22-ին ժամանել է Կազան՝ մասնակցելու ԲՐԻԿՍ-ի անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովին։ Տեղեկությունը հայտնում է Թաթարստանի օրենսդիր մարմնի մամուլի ծառայությունը:
«Իրանի նախագահը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով ժամանել է Կազան՝ գագաթնաժողովի անցկացման վայր», - ասված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ ԲՐԻԿՍ-ի երկրների գագաթնաժողովը պետությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի կունենա Կազանում հոկտեմբերի 22-24-ին: Կազմակերպության նախագահի պաշտոնը 2024 թվականի հունվարի 1-ից զբաղեցնում է Ռուսաստանը` արդարացի գլոբալ զարգացման և անվտանգության համար բազմակողմանիության ամրապնդման կարգախոսի ներքո:
ԲՐԻԿՍ-ը միջպետական միավորում է, որը ստեղծվել է 2006-ին Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի և Բրազիլիայի կողմից, 2011-ին Հարավային Աֆրիկայի Հանրապետությունն ընդգրկվել է կառույցում:
2024 թվականի սկզբից ԲՐԻԿՍ-ին միացել են նաև Եգիպտոսը, Եթովպիան, Իրանը, ԱՄԷ-ն և Սաուդյան Արաբիան։