Ի՞նչ է գրել Բայդենը Փաշինյանին․ կառավարությունը հրապարակել է նամակի տեքստը

ԱՄՆ նախագահը կարծում է, որ խաղաղության համաձայնագրի վերջնականացումը կպահանջի համառություն, հնարամտություն և փոխզիջում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik․ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրին, որը վերջնականապես վերջ կդնի դարավոր հակամարտությանը։ Այս մասին նշված է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հղված նամակում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ նախագահի հատուկ օգնականը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին է փոխանցել Բայդենի նամակը։
«Խաղաղության համաձայնագիրը, որը երաշխավորում է Հայաստանի միասնությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, ապահովություն և կայունություն կապահովի ոչ միայն հայ ժողովրդի համար: Այն կվերափոխի ողջ Հարավային Կովկասի տարածաշրջանը»,- նշված է նամակում։
ԱՄՆ նախագահը շեշտել է, որ խաղաղության համաձայնագրի մնացած հոդվածների վերջնականացումը կպահանջի համառություն, հնարամտություն և փոխզիջում: Բայդենն ընդգծել է, որ քաջալերում է այս տարի վերջնական տեսքի բերել պայմանագիրը։
Հավելել է, որ իր վարչակազմը պատրաստ է ձեռնարկել համարձակ նախաձեռնություններ, որոնք կօգնեն հարթել ճանապարհը դեպի խաղաղություն:
«Ես խնդրել եմ Եվրոպայի գծով գլխավոր տնօրեն Մայքլ Քարփենթերին տեղեկացնել Ձեզ որոշ քայլերի մասին, որոնք մենք կուզենայինք ձեռնարկել և ստանալ Ձեր կարծիքն Ադրբեջանի հետ քննարկումների վերաբերյալ»,- նշված է նամակում։
Նրա խոսքով՝ հիմա պահն է վերահաստատելու հանձնառությունը Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությանը և խաղաղության հիմնարար սկզբունքներին:
«Ավելի պայծառ ապագան հասանելի է, և ես անհամբեր սպասում եմ Ձեզ հետ աշխատանքին՝ այն բաց չթողնելու համար»,- եզրափակվում է նամակը։
Հիշեցնենք՝ Մայքլ Քարփենթերը մինչ Երևան ժամանելն այցելել է Բաքու և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հանձնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նամակը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` նամակում նշվում է՝ ԱՄՆ-ն գոհ է տեսնել, որ Հայաստանը և Ադրբեջանը կայուն առաջընթաց են գրանցել խաղաղության պայմանագրի վերջնական ձևակերպման ուղղությամբ, ինչը կկարգավորի Երևանի և Բաքվի միջև հարաբերությունները։