ՀՀ վարչախումբը շտապում է իրավական շղարշ հաղորդել սահմանազատման կանոնակարգի վավերացմանը․ՀՀԿ

ՀՀԿ գործադիր մարմինը առնվազն տարակուսելի է համարում այն փաստը, որը սահմանազատման կանոնակարգը առհասարակ անցկացվում է միջպետական պայմանագրի վավերացման ընթացակարգով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի գործող վարչախումբը շտապում է իրավական շղարշ հաղորդել Ադրբեջանի թելադրանքով իրականացվող` ՀՀ տարածքային ամբողջականությունը խաթարող և հետագա տարածքային լրջագույն զիջումներ պարունակող գործընթացին։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀԿ գործադիր մարմինը՝ անդրադառնալով սահմանազատման կանոնակարգը ԱԺ տանելուն։
Հայտնել էինք, որ հոկտեմբերի 21-ին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգը վավերացնելու մասին» օրենքի նախագծին։
Ընդգծվում է, որ առկա խնդրին է լծվել նաև 2020 թ․ հունիսին Սահմանադրության հակասահմանադրական փոփոխության միջոցով ձևավորված Սահմանադրական դատարանի մեծամասնությունը, որըսեպտեմբերի 26-ին որոշել է, որ դրանում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:
«Վերացնելով Անկախության մասին հռչակագրում հաստատագրված համազգային նպատակները, գործող վարչախումբը ընդառաջ է գնում արցախահայության կենսական իրավունքներից հրաժարվելու Ադրբեջանի պահանջներին։ Սահմանադրական դատարանի այս խայտառակ որոշումը, անկասկած, օգտագործվելու է Հայաստանի վարչախմբի կողմից՝ իր հետագա կապիտուլյանտական քաղաքականությունը «լեգիտիմացնելու» նպատակով»,-նշված է հայտարարության մեջ։
ՀՀԿ գործադիր մարմինը առնվազն տարակուսելի է համարում այն փաստը, որը այս փաստաթուղթը առհասարակ անցկացվում է միջպետական պայմանագրի վավերացման ընթացակարգով։
«Մենք մտավախություն ունենք, որ սույն կանոնակարգի հաստատումը վավերացման միջոցով, այն պարագայում, երբ այն ուղղակիորեն նախատեված չէ կանոնակարգով, ինչպես նաև Սահմանադրական դատարանի կողմից խնդրո առարկայի հետ կապ չունեցող հակասահմանադրական մեկնաբանությունները նպատակ ունեն հետագայում օգտագործվել որպես «իրավական» հիմք՝ հետագա հակապետական զիջումների արդարացման համար»,-նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` սեպտեմբերի 5-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի վավերացմանը, ինչից հետո հարցը մտավ ՍԴ։
Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 26-ին որոշեց, որ կանոնակարգը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը։
Ե՞րբ է լինելու սահմանազատում և սահմանագծում Ներքին Հանդում. Մանուկյանը` Գրիգորյանին
Նշենք, որ կանոնակարգը 7 հոդված ունի, դրանք հիմնականում գործընթացին վերաբերող տեխնիկական տվյալներ են, ընդհանրական ձևակերպումներ։ Երևանն ու Բաքուն համաձայնել են սահմանազատումն իրականացնել 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի վրա, բայց այդ համաձայնությունը վերջնական չէ։ Կանոնակարգում նշվում է` հնարավոր է, որ խաղաղության համաձայնագրի ընդունումից հետո գործընթացն այլ սկզբունքներով ընթանա։