ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. «Մանկական Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի ներկայացուցիչ Լեո Մկրտչյանը հանդես կգա «Cosmic friend» երգով։
Հանրային հեռուստաընկերությունը ներկայացրել է մրցույթի մասնակից Լեո Մկրտչյանի երգն ու տեսահոլովակը։
««Cosmic friend» երգում մեր պատվիրակը պատմում է իր և այլմոլորակայինի արտասովոր ընկերության մասին: Լեոն խոսում է երաժշտության լեզվով և տիեզերքի բոլոր բնակիչներին միավորում է իր երգի շուրջ՝ պարելու, ուրախանալու և միասին լավ ժամանակ անցկացնելու»,– նշված է հաղորդագրությունում։
Նշենք, որ Լեոն երգիչներ Հռիփսիմե Հակոբյանի և Մարտին Մկրտչյանի որդին է։
Հիշեցնենք, որ երաժշտական մրցույթը կայանալու է Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում նոյեմբերի 16–ին։
«Մանկական Եվրատեսիլ» մրցույթի կանոնները չեն պահանջում, որ հաղթող երկիրը հյուրընկալի մրցույթը, նա իրավունք ունի նաև հրաժարվել։
2023 թվականին «Մանկական Եվրատեսիլը» կայացել է Ֆրանսիայի Նիցցա քաղաքում նոյեմբերի 26-ին։ Մրցույթում հաղթել է ֆրանսիացի Զոի Քլուզուրը «Cœur» երգով։