ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik․ Պաշտոնատար անձանց կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցման չարաշահումների և դատավորների անկախությանը միջամտության փաստով Հայաստանում վիճակը վերջին 1 տարում ոչ միայն չի բարելավվել, ընդհակառակը՝ վատթարացել է: Նման արձանագրում է արել Դատավորների եվրոպական միությունը հոկտեմբերի 18-ին Քեյփթաունում տեղի ունեցած համաժողովում։ Միության ընդունած բանաձևը հրապարակել է ՀՀ դատավորների միությունը։
Մասնավորաբար, Դատավորների եվրոպական միությունն արձանագրում է, որ դատավորների անկախության նկատմամբ միջամտություն և օրենքի գերակայության սկզբունքի խախտում պետք է դիտարկվեն բոլոր այն դեպքերը, երբ կարգապահական վարույթներ հարուցողները ուղղակի կամ անուղղակի ազդեցություն ունեն դրանց լուծում տվող անձանց վրա:
Անընդունելի է նաև, երբ երբ դատավորների գնահատումն իրականացվում է այնպիսի մարմնի կողմից, որում մեծամասնություն են կազմում ոչ դատավոր անդամները:
Դատավորների եվրոպական միությունն ակնկալում է հայաստանյան իշխանություններից զերծ մնալ նման քայլերից։ Միաժամանակ, հրավիրում է Եվրոպայի խորհրդի իրավասու մարմիններին և այլ կառույցներին հետևելու Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին՝ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու նպատակով։
Միությունը նաև ակնկալում է գնահատման և կարգապահական վարույթների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունների անշեղ հետևում, և ոչ թե շրջանցում: