ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik․ ԱՄՆ նախագահի հատուկ օգնական, Ազգային անվտանգության խորհրդի՝ Եվրոպայի հարցով գլխավոր տնօրեն Մայքլ Քարփենթերը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին է փոխանցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նամակը։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Հանդիպմանը ներկա է եղել նաև Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն։
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին վերաբերող հարցերի:
Փաշինյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ ստորագրելու խաղաղության պայմանագիրն արդեն իսկ համաձայնեցված հոդվածների հիման վրա և շարունակելու հետագա քննարկումները:
Քարփենթերն ընդգծել է, որ ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի նպատակադրումն ու քայլերը՝ ի նպաստ խաղաղության ու կայունության հաստատման։ Նա կարևորել է սահմանազատման գործընթացն ու կանոնակարգի ստորագրումը։ Ամերիկացի պաշտոնյայի խոսքով՝ Միացյալ Նահանգները պատրաստակամ է հետագայում ևս նպաստելու տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանը:
Քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հարցը։ Քարփենթերն ընդգծել է, որ ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը:
Հիշեցնենք՝ Մայքլ Քարփենթերը մինչ Երևան ժամանելն այցելել է Բաքու և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հանձնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նամակը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` նամակում նշվում է՝ ԱՄՆ-ն գոհ է տեսնել, որ Հայաստանը և Ադրբեջանը կայուն առաջընթաց են գրանցել խաղաղության պայմանագրի վերջնական ձևակերպման ուղղությամբ, ինչը կկարգավորի Երևանի և Բաքվի միջև հարաբերությունները։ Բայդենի կարծիքով՝ խաղաղության պայմանագիրը ոչ միայն կապահովի Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, այլև կվերափոխի ամբողջ տարածաշրջանը։