Ներկայացրեք ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման փաստաթղթի օրիգինալ տարբերակը. Ռուստամյան

Հայերեն ու ադրբեջաներեն տեքստերի անհամապատասխանության դեպքում հիմք է ընդունվելու ռուսերեն տեքստը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ ԱԺ ընդդիմությունը պահանջում է, որ իրենց ներկայացվի Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման փաստաթղթի օրիգինալ տարբերակը, որը գրված է ռուսերենով։ Այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։
Հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն ի պատասխան ասաց, որ ԱԺ–ն բազմաթիվ միջազգային փաստաթղթեր է քննարկել ու վավերացվել, բայց դրանք եղել են բացառապես հայերեն, ինչին ի պատասխան պատգամավոր Գեղամ Մանուկյանը նշեց, որ տվյալ դեպքում հարցն անկյունաքարային է, քանի որ հայերեն ու ադրբեջաներեն տեքստերի անհամապատասխանության դեպքում հիմք է ընդունվելու ռուսերեն տեքստը։
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեղեկացրեց, որ անհրաժեշտության դեպքում կտրամադրեն ռուսերեն տեքստը, բայց հավելեց, որ այն հրապարակելու հետ կապված սինքրոն պայմանավորվածություններ կան։
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվում է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին հարցը։
Հիշեցնենք` 2024 թվականի ապրիլին հայտնի դարձավ, որ Հայաստանի և Ադրբեջանի պետական հանձնաժողովները պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից (Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր հատվածներում):
Մհեր Գրիգորյանը մտավախություն չունի, որ Ադրբեջանը չի ստորագրի սահմանազատման կանոնակարգը
Մայիսի 15-ին Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Շահին Մուստաֆաևը ՝ 1976 թվականի քարտեզների հիման վրա Տավուշում մի շարք բնակավայրերի միջև անհապաղ սահմանազատում իրականացնելու մասին արձանագրություն-նկարագրություն ստորագրեցին:
Դրանից հետո փաստացի 4 գյուղ անցան Ադրբեջանի վերահսկողության տակ։ Կիրանցում ադրբեջանական կողմին փոխանցվեց 30 անձի պատկանող 54 անշարժ գույք, որոնք բոլորը Կադաստրի կոմիտեի վկայականներ ունեին:
Հայաստանի սահմանապահ զորքերը մայիսի 24–ին պաշտոնապես ստանձնեցին Տավուշի մարզի սահմանային հատվածների՝ Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածների պահպանությունը: