ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի - Sputnik. Երկրորդ ժամկետով առաջադրված Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն ընտրությունների առաջին փուլի արդյունքներով առաջատարն է: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է ընտրատեղամասերի արձանագրությունների 100 %-ի մշակումից հետո:
Մոլդովայում նախագահական ընտրությունների առաջին փուլը տեղի է ունեցել երեկ` հոկտեմբերի 20-ին:
ԿԸՀ-ն մշակել է ընտրատեղամասերից ստացված արձանագրությունների 100 %-ը։ Ըստ այդմ, արդյունքները հետևյալն են. Սանդուի օգտին քվեարկել է ընտրողների 42,45 %-ը, Սոցիալիստների կուսակցությունից թեկնածու Ալեքսանդր Ստոյանոգլոն ստացել է քվեների 25,98 %-ը:
Այս երկու թեկնածուներն էլ անցնում են երկրորդ փուլ, որը նշանակված Է նոյեմբերի 3-ին։
Սանդուն հանդես է գալիս երկիրը ԵՄ-ին ինտեգրելու և արևմտամետ կողմնորոշման օգտին․ ընդդիմությունը նրան մեղադրում է Ռուսաստանի հետ կապերը խզելու և ազգային շահերը դավաճանելու մեջ:
Ստոյանոգլոն կարծում է, որ Մոլդովայի և ԵՄ-ի հարաբերությունները չպետք է վնասեն Ռուսաստանի և, ընդհանուր առմամբ, ԱՊՀ-ի հետ ավանդական գործընկերությանը։
Առաջին փուլի արդյունքներով երրորդ տեղը զբաղեցնում է «Մեր կուսակցությունը» քաղաքական ուժի առաջնորդ Ռենատո Ուսատին (ստացել է քվեների 13,79%), չորրորդը՝ Գագաուզիայի նախկին ղեկավար Իրինա Վլախը (քվեների 5,38%), հինգերորդը՝ նախկին դատախազ Վիկտորիա Ֆուրտունեն (քվեների 4,45%), վեցերորդը և յոթերորդը՝ նախկին վարչապետներ Վասիլի Տարլևը և Իոն Կիկուն (համապատասխանաբար՝ քվեների 3,19% և 2,06%):
Երիտասարդության և սպորտի նախկին նախարար Օկտավիան Ցիկուն (0,93%), նախկին ՆԳ նախարար Անդրեյ Նեստասեն (0,64%), լրագրող Նատալյա Մորարը (0,61%) և արտաքին գործերի նախկին նախարար Տուդոր Ուլյանովսկին (0,52%) ունեն 1 %-ից պակաս քվե:
Հաղորդվում է, որ Սանդուն արդեն դիմել է «եվրոպամետ թեկնածուներ» Օկտավիան Ցիկուի, Իոն Կիկուի, Տուդոր Ուլյանովսկու և Ռենատո Ուսատիի կողմնակիցներին՝ երկրորդ փուլում աջակցություն ստանալու համար: