Կրեմլը հակասական է որակել ԿԺԴՀ-ից զինվորականներ ուղարկելու մասին լուրերը

Դմիտրի Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ Հարավային Կորեան մի բան է հայտարարում, հետո Պենտագոնն ասում է, որ իրենք նման հայտարարությունների հաստատում չունեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Բազմաթիվ հակասական տեղեկություններ են հնչում ռազմական հատուկ գործողությանը մասնակցելու համար ԿԺԴՀ-ից իբր զորքեր ուղարկելու մասին, և դրան պետք է համապատասխան վերաբերմունք ցուցաբերել։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է Դ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք շատ հակասական տեղեկություններ ենք տեսնում: Հարավային Կորեան ասում է մի բան, հետո Պենտագոնն ասում է, որ իրենք նման հայտարարությունների հաստատում չունեն: Շատ են հակասական տեղեկությունները, հավանաբար այդպես էլ պետք է դրան վերաբերվել»,- ասել է նա լրագրողներին։
Նրա խոսքով` դա ռազմական հատուկ գործողությունների ընթացքին վերաբերող հարց է, և լրագրողներին խորհուրդ է տվել դիմել ՌԴ պաշտպանության նախարարությանը։
Նշենք, որ Կորեայի Հանրապետությունում ՌԴ դեսպանությունից ՌԻԱ Նովոստիին հայտնել էին, որ Հարավային Կորեայի ԱԳՆ-ն ՌԴ դեսպանին Սեուլ է հրավիրել զրուցելու համար, սակայն զրույցի բովանդակությունը չի հաղորդվում։ «Ռյոնհափ» գործակալությունը» պնդում է, որ Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարարությունը Ռուսաստանի դեսպանին կանչել է Ուկրաինայի հետ հակամարտությանը մասնակցելու համար զինվորականներին ուղարկելու հետ կապված ԿԺԴՀ-ի ենթադրյալ որոշման մասին չհաստատված հաղորդումների վերաբերյալ ափսոսանք հայտնելու նպատակով:
Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլն անցած շաբաթ արտակարգ խորհրդակցություն էր հրավիրել անվտանգության հարցերի շուրջ՝ կապված այն բանի հետ, որ Հարավային Կորեայի հետախուզությունն իբր պնդում է, որ Փհենյանը որոշել է հատուկ գործողություններին մասնակցելու համար 12 000 զինվորներից չորս բրիգադ ուղարկել Ուկրաինա, այդ թվում՝ հատուկջոկատայինների:
Սպիտակ տունն ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ-ն տվյալներ չունի, որոնք հաստատում են Ուկրաինայի հակամարտությանը ԿԺԴՀ–ի մասնակցության վերաբերյալ պնդումները։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռյուտեն հայտնել էր, որ դաշինքը չի կարող հաստատել, որ ԿԺԴՀ–ն իր զինվորներին ուղարկում է Ուկրաինա։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, պատասխանելով հարցին, թե արդյոք հնարավոր է համարում ԿԺԴՀ-ի զինվորականների ներգրավումը ռազմական հատուկ գործողություններին, հայտարարել էր, որ Ռուսաստանը որևէ մեկին նման բան չի խնդրել, և դրա անհրաժեշտությունը չկա։