Հայաստանն ու Ադրբեջանը պետք է բանակցություններն անցկացնեն առանց միջնորդի. Գրիգորյան

Մհեր Գրիգորյանի կարծիքով` երրորդ երկրի ներգրավմամբ` բանակցությունները կարող են ռիսկեր առաջ քաշել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է շանս ունենան բանակցություններն անցկացնելու երկկողմ ձևաչափով` առանց երրորդ կողմի միջնորդության։ Այս մասին այսօր ԱԺ–ում արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիսի ժամանակ հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել էր, որ խաղաղության պայմանագրի մշակման հարցում Մոսկվան պատրաստ է աջակցել Երևանին և Բաքվին:
«Վեճերի լուծման կարգը շատ բարդ բան է, բոլորս շատ լավ հասկանում ենք, ես էլ այդ թվում, որովհետև եղել եմ այդ վեճերի լուծման մեջ, բայց եթե մենք երրորդ երկիր բերենք, դարձնենք արբիտրաժ, ես չգիտեմ` ինչ շահերի բախում կլինի»,– ասաց նա։
ՀՀ փոխվարչապետի կարծիքով` երրորդ երկրի ներգրավմամբ հնարավոր է` այնպիսի ռիսկեր առաջ գան, որ հայկական կողմի կամքից անկախ լինեն որոշումներ, որոնք պարտադիր լինեն, իսկ ստորագրողները չկարողանան պատասխան տալ, թե ինչու դա ստորագրվեց։
Հիշեցնենք` 2022 թվականին Երևանն ու Բաքուն Ռուսաստանի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջնորդությամբ ձեռնամուխ են եղել խաղաղության պայմանագրի քննարկմանը։
Հիշեցնենք նաև, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է` մինչև այս տարվա նոյեմբեր Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը միանգամայն իրատեսական է։ Նա միաժամանակ նշել է, որ այդ փաստաթղթի կնքումն անհնար է առանց ՀՀ Սահմանադրության փոփոխության։
ՀՀ ԱԳՆ–ն օգոստոսի 7-ին հայտնեց, որ խաղաղության համաձայնագրի նախագծից հանվել է տարածաշրջանային հաղորդակցություններին վերաբերող հոդվածը։
Հայաստանն Ադրբեջանին բազմիցս առաջարկել է ստորագրել խաղաղության պայմանագրի նախագծի 16 կետից 13–ը, իսկ հետո վերջնական տեսքի բերել ու համաձայնության գալ մյուս 3 կետի շուրջ։ Բաքուն մերժել է։