ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik․ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգը վավերացնելու մասին» օրենքի նախագծին։
Կողմ քվեարկեցին հինգ պատգամավոր, դեմ՝ երեք՝ Լևոն Քոչարյանը, Արմեն Ռուստամյանն ու Քրիստինե Վարդանյանը։
Մինչև քվեարկությունը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց, որ լավ հասկանում է հետագա պատասխանատվությունը, բայց հավելեց, որ հասկանում է նաև, որ եթե պրոբլեմները անձամբ չլուծենք, դրանք ոչ ոք չի լուծի, կամ կլուծի երրորդ երկիր։ Իսկ դա, Մհեր Գրիգորյանի կարծիքով, դավաճանություն է։
«Այո, պետք է համարձակություն ունենալ խնդիրները լուծելու, այլ ոչ թե դրանք պատվիրակել երրորդ երկրներին կամ ուժերին, ինչը նշանակում է սպառել կամ դիսկոնտավորել ինքնիշխանությունը։ Դա անընդունելի է, դա մեզ ոչ ոք չի ների»,– հավելեց նա։
Մհեր Գրիգորյանի կարծիքով` էական չէ սահմանազատումը իրենց կներեն, թե` ոչ, բայց որ դիսկոնտավորումը չեն տերի դա հաստատ է։
Հիշեցնենք` սեպտեմբերի 5-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի վավերացմանը, ինչից հետո հարցը մտավ ՍԴ։
Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 26-ին որոշեց, որ կանոնակարգը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը։
Նշենք, որ կանոնակարգը 7 հոդված ունի, դրանք հիմնականում գործընթացին վերաբերող տեխնիկական տվյալներ են, ընդհանրական ձևակերպումներ։ Երևանն ու Բաքուն համաձայնել են սահմանազատումն իրականացնել 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի վրա, բայց այդ համաձայնությունը վերջնական չէ։ Կանոնակարգում նշվում է` հնարավոր է, որ խաղաղության համաձայնագրի ընդունումից հետո գործընթացն այլ սկզբունքներով ընթանա։