Այսօր բրոնզ է, իսկ վաղը ոսկի կլինի. հայ խոհարարները վերադարձել են գաստրոնոմիական մրցույթից

Ներկայում Հայաստանի հավաքականը պատրաստվում է Ռուսաստանում կայանալիք խոհարարական «մենամարտերին»:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանի շեֆ-խոհարարների թիմը գաստրոնոմիական միջազգային մրցաշարի արդյունքներով գրավել է երրորդ տեղը՝ հայրենիք վերադառնալով 12 մեդալով:
Առաջնությունն անցկացվել է հոկտեմբերի 8-10-ին՝ ՌԴ Կաբարդինկա գյուղում: Մրցաշարին մասնակցել են աշխարհի տարբեր երկրներից ժամանած շուրջ 100 թիմեր: Առաջնության նպատակը լավագույն մասնագետին որոշելն էր։
Յուրիկ Սարգսյան
Հայտնի շեֆ-խոհարար Յուրիկ Սարգսյանը Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսին հայտնեց, որ հայկական թիմը զիջել է միայն Ղազախստանին և Ռուսաստանին։ Հայաստանից խոհարարական մրցույթին մասնակցում էին երկու թիմ և երկու խոհարար:
«Մեզ հաջողվեց նվաճել 4 արծաթե և 8 բրոնզե մեդալ, իսկ թիմային հաշվարկով գրավել երրորդ տեղը»,- ասաց նա:
Մրցաշարն անցկացվել է երեք օր՝ երկու փուլով։ Մրցութային ծրագիրը նախատեսում էր անհատական և թիմային ելույթներ, ուտեստները ժամանակին պատրաստելու առաջադրանքներ: Անհատական մրցումների հաղթողները պարգևատրվել են մեդալներով և հավաստագրերով, իսկ թիմայինի հաղթողները՝ գավաթներով և հավաստագրերով:
Սարգսյանը պարզաբանել է, որ ժյուրիի անդամները գնահատել են ճաշատեսակների պատրաստման տեխնոլոգիան, մատուցումը, համն ու որակը։
Մրցույթից վերադարձած խոհարարները ասուլիսի ժամանակ
Մասնակիցները պետք է պատրաստեին տաք ուտեստներ տավարի փափկամսից, գառան կողամսից և լճային իշխանից (առանց փշերի): Բացի այդ, խոհարարները մրցում էին վագրային ծովախեցգետնի, հավի կրծքամսի և աղանդերի լավագույն պատրաստման մեջ:
Յուրաքանչյուր թիմում կար երեք մարդ, այդ թվում՝ ավագը։ Թիմերը պետք է պատրաստեին սառը նախուտեստ, տաք ուտեստ և աղանդեր։
Գրիգոր Դանիելյան
Մեկ այլ շեֆ-խոհարար՝ Գրիգոր Դանիելյանը, ով ժյուրիի կազմում էր, նշել է, որ հայկական թիմը մրցաշարին պատրաստվել է մեկուկես շաբաթ։ Մինչ այդ նա նման մասշտաբային միջոցառումների չի մասնակցել:
Նրա խոսքով՝ մեր թիմը մտադիր է մասնակցել նաև հաջորդ մրցաշարին և անպայման հաղթել:
Շեֆ-խոհարար Էդուարդ Սիմոնյանը մրցույթի շրջանակներում վարպետության դաս է անցկացրել և հայկական ավանդական ուտեստ է պատրաստել գառան մսից, բամիայից, չորացրած հոնից, կոնյակից և գինուց:
Ներկայում Հայաստանի հավաքականը Ռուսաստանում պատրաստվում է նոր խոհարարական «մենամարտերի»:
Էդուարդ Սիմոնյան