Սերբիայի պաշտպանության նախարար Բրատիսլավ Գաշիչը և ընտանիքի հարցերով նախարար Միլիցա Ջուրջևիչ-Ստամենկովսկին Բելգրադի ազատագրման 80-ամյակի առթիվ ծաղկեպսակներ են խոնարհել՝ հարգելով խորհրդային զինվորների հիշատակը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Պետական տոնակատարությունները սկսվել են առավոտյան Բելգրադի մերձակայքում գտնվող Ավալա լեռան վրա` զոհված խորհրդային զինվորների հուշարձանին ծաղկեպսակներ դնելով: Արարողությունը գլխավորել է աշխատանքի, սոցիալական պաշտպանության և վետերանների հարցերով նախարար Նեմանյա Ստարովիչը` Սերբիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչների, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ադրբեջանի դեսպանատների ղեկավարությունների մասնակցությամբ:
Այնուհետև Բելգրադն ազատագրողներին նվիրված հուշահամալիրում կայացել է ծաղկեպսակների խոնարհման արարողություն: Սերբիայի կառավարության անունից ծաղկեպսակներ են դրել պաշտպանության նախարար Բրատիսլավ Գաշիչը և ընտանիքի հարցերով նախարար Միլիցա Ջուրջևիչ-Ստամենկովսկին:
Դրանից հետո Սերբիայի մայրաքաղաքում կանցկացվի «Անմահ գնդի» երթը, Սերբիայում այն առաջին անգամ անցկացվել է 2016 թվականին:
Սերբիայի նախագահը սեպտեմբերի 6-ին ՌԴ դեսպան Ալեքսանդր Բոցան-Խարչենկոյի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ պատրաստ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել Բելգրադի ազատագրման 80-ամյակի և երկկողմ համագործակցության վերաբերող հարցեր։
Ինչպես հայտնել են տեղական ԶԼՄ-ները` հղում անելով նրա վարչակազմին, Վուչիչը հույս ունի կիրակի օրը հեռախոսազրույց ունենալ ռուս գործընկերոջ հետ: Ավելի վաղ նա պատմել էր, որ 2,5 տարի չի հանդիպել և հեռախոսով չի խոսել ՌԴ նախագահի հետ։
Երկրորդ Համաշխարհային պատերազմում նացիստներից Սերբիայի ազատագրման ամսաթիվը կապված է 1944 թվականի հոկտեմբերի 20-ին Բելգրադի գործողության ավարտի հետ: Հարավսլավիայի մայրաքաղաքի համար մղվող մարտերին մասնակցում էին խորհրդային Երկրորդ և Երրորդ Ուկրաինական ճակատների մարտիկները` մարշալ Ֆյոդոր Տոլբուխինի հրամանատարությամբ, նրանց ընդառաջ ճանապարհ էին բացում Հարավսլավիայի Ժողովրդական ազատագրական բանակի՝ Իոսիպ Բրոզ Տիտոյի ստորաբաժանումները։