Վերջին 10 տարիներին Հայաստանում ընդունվել են մի շարք օրենքներ օֆշորային գործարքների դեմ։ Այս անվան տակ մենք միավորում ենք բոլոր այն գործարքները, որոնցով բիզնեսը գումարներ է դուրս բերում Հայաստանից դեպի ցածր հարկերով երկրներ։
Սակայն, այդ բոլոր օրենքներով ու պահանջներով հանդերձ, Հայաստանի օտարերկրյա ներդրումներում գերիշխում են օֆշորային ուղղությունները։ Այսպես, 2024 թ. I եռամսյակի արդյունքներով, Հայաստանից ներդրումների արտահոսքը դեպի Բրիտանական Վիրջինյան կղզիներ կազմել է 31,4 միլիարդ դրամ, դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ` 17,8 մլրդ, դեպի Կիպրոս` 14 մլրդ։
Վերջին տարիներին, իհարկե, կատարվել են կասկածելի միջազգային գործարքների ստուգումներ, որոնց արդյունքում ՊԵԿ–ը վերականգնել է լրացուցիչ հարկեր։ Սակայն այդ դեպքերը շատ չեն, քանի որ նման ստուգումները պահանջում են մեծ վերլուծական ռեսուրս, Sputnik Արմենիայի հետ զրույցում նշում է ՀՀ ֆինանսների նախարարության եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ Օրի Ալավերդյանը։ Օրենսդրությունը թույլ չի տալիս ՊԵԿ–ին յուրաքանչյուր օֆշորային գործարքից մեխանիկորեն հաշվարկել ստանդարտ` 18% շահութահարկ, ուստի ամեն անգամ ՊԵԿ–ը ստիպված է մանրամասն ուսումնասիրել, թե տվյալ ընկերությունը կեղծ է, թե իրական տնտեսական գործունեություն է ծավալում։ Փաստացի,պետք է կատարել մանրամասն աուդիտ` ստուգելու, թե ում հետ և ինչպիսի գործարքներ են կատարվում և ինչ հիմքով։
Իսկ եթե անարդարացի ցածր գնով ապրանք է վաճառվում, ապա պետք է ապացուցել, որ դրա գինն իրոք անհիմն ցածր է միջազգայինից։ Դա հեշտ է անել, օրինակ, մետաղների դեպքում, որտեղ կան բորսայական գներ և դրանցից շեղման հստակ պայմաններ։ Սակայն բոլոր ապրանքները կամ ծառայությունները չէ, որ կարելի է նման կերպ ստուգել։ Պետություն-բիզնես նման վիճաբանությունները միջազգային արբիտրաժներում կարող են քննվել տարիներ։
Այսինքն՝ օրենքը կա, բայց այն կիրառելն է բարդ։ Իսկ ի՞նչ է արվում խնդիրը լուծելու համար։
OECD Global Forum
Հայաստանն արդեն որոշ ժամանակ անդամակցում է OECD (Տնտեսական համագործակյցության և զարգացման կազմակերպություն) հարկային տեղեկատվության փոխանակման միջազգային հարթակին, սակայն դեռ չի ներդրել այդ տեղեկատվության փոխանակման տեխնիկական ստանդարտները։ Հունիսի սկզբին OECD փորձագետները եղել են Հայաստնաում և գնահատել այդ ուղղությամբ տարվող աշխատանքը։ Երբ այդ գործընթացն ավարտվի, Հայաստանը կկարողանա, օրինակ, Բելիզ կամ Սեյշելյան կղզիներ հարցում ուղարկել առ այն, թե ՀՀ քաղաքացիները այնտեղ ինչ ֆինանսական հոսքեր կամ բացված ընկերություններ ունեն։
Հավելենք` հիմա ԱԺ–ում քննարկվում է Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծ, որը թույլ կտա կիրառել OECD համաձայնագիրը բանկային հաշիվների մասին տեղեկատվության միջազգային փոխանակման մասին։ Հայաստանը միացել է այդ համաձայնագրին մի քանի ամիս առաջ, սակայն դրա կիրարկման գործիքակազմը դեռ բացակայում է։
Հուլիսին Հայաստանում անցկացվեց նաև OECD Global Forum–ի ասիական նմանակի` Asian Initiative–ի համաժողովը, որի անդամակցությունը Հայաստանը ևս փորձում է ակտիվացնել։
«Մեկօրյա» ընկերությունների դեմ համաձայնագիր
Այս տարեսկզբից Հայաստանն անդամակցել է OECD-ի MLI հարթակին https://www.oecd.org/en/topics/sub-issues/beps-multilateral-instrument.html, որը նախատեսված է հարկումից խուսափելու միջազգային տարածված սխեմաների դեմ։ Դրանցից մեկը հետևյալն է. եթե մի երկրից (օրինակ, Հայաստանից) բիզնեսը շահաբաժիններ է դուրս բերում, ապա դրանք, միևնույն է, պիտի հարկվեն Հայաստանում, եթե տվյալ ընկերությունը ունի որոշակի շեմից (սովորաբար` 365 օրվանից) պակաս կյանք։
Այդ համաձայնագիրն արդեն գործում է, բայց ոչ երկար ժամանակ, և դրա էֆեկտիվությունը դեռ չի վերլուծվել։
9%-ի համաձայնագիր
Ներկայումս միջազգային մակարդակում մշակվում է մեկ այլ համաձայնագիր, որին միանալու հարցը Հայաստանի կառավարությունը քննարկում է, թեև վերջնական որոշում դեռ չի կայացրել։ Ըստ այդմ, տոկոսները, շահաբաժինները, ռոյալթիները և այլ պասիվ եկամուտները պետք է հարկվեն 9%–ից ոչ պակաս։ Հայաստանում ոչ ռեզիդենտների շահաբաժինները հարկվում են 5%։ Ուստի եթե այստեղից շահաբաժիններն ուղարկվեն օֆշորային ընկերության հաշվին և այնտեղ հարկվեն, օրինակ, 2%–ով, ապա Հայաստանում այդ բիզնեսը, միևնույն է, պիտի վճարի 7% (որպեսզի գումարային գանձվի 9% հարկ)։
Առաջիկայում նախատեսված է այդ համաձայնագրի ստորագրման արարողությունը, Հայաստանն էլ քննարկում է ինչ–որ փուլում դրան միանալու հնարավորությունը։
Օֆշորները «խելոքացել» են
Վերջին տարիներին աճում է միջազգային ճնշումը օֆշորների և «հարկային հանգրվանների» (tax haven) վրա, քանի որ ոչ մի երկիր շահագրգռված չէ 10% կամ 20% հարկ կորցնել։ Այդ ճնշման հետևանքով հետզհետե վերանում է, այսպես ասած, «վայրի» օֆշորը` որպես հեռավոր կղզում վարձած մի սենյակ կամ դուռ, որտեղ կարելի է վճարել 1% կամ 0% հարկ։ Հիմա նրանց հարկերը կարող են սովորականներից տարբերվել ընդամենը 2–3%–ով, կամ` ընդհանուր հարկման դաշտը կարող է լինել ոչ արտոնյալ, բայց որոշակի դեպքերում առաջարկի արտոնություններ։ Ըստ այդմ, ավելի բարդ է դառնում ապացուցել` տվյալ գործարքը կամ ներդրումները օֆշորայի՞ն են, թե՞ ոչ։
Ուստի ֆիննախը նաև ցանկանում է ուսումնասիրել, թե Հայաստանի հիմնական «գործընկեր» օֆշորներում ինչպիսի հիմնավորումներով են գործում հարկային դրույքաչափերը և արդյոք, վերը ասվածի ենթատեքստում, չպետք է փոփոխվեն։