ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Ոսկու համաշխարհային գները նոր ռեկորդ են սահմանել՝ գերազանցելով մեկ ունցիայի դիմաց 2700 դոլարի նշագիծը։ Տեղեկությունը հայտնում է Ոսկու համաշխարհային խորհուրդը (World Gold Council):
Ստորև բերված հոդվածը ներդրումային առաջարկ չէ:
Ոսկին տոկոսային եկամուտ չի բերում, բայց տնտեսական և քաղաքական անորոշության պայմաններում համարվում է ներդրումների երաշխավորված «հանգրվան»։ Տվյալ դեպքում շուկայի մասնակիցները մտահոգված են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակով, ինչպես նաև կասկածներ ունեն ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքների հարցում։
Հատկանշական է, որ տարեսկզբից ոսկու գինն աճել է 32 %-ով, այսինքն՝ ավելի արագ, քան ամերիկյան տնտեսության չափիչը ՝ S&P 500 ինդեքսը (23 %-ով):
Ոսկու գների աճի համար կան նաև ավելի երկարաժամկետ պատճառներ` կենտրոնական բանկերն ամբողջ աշխարհում ռեկորդային ծավալներով ոսկի են գնել (տարեկան ավելի քան հազար տոննա): Այս «մրցավազքում» առաջատարը Չինաստանի ժողովրդական բանկն է, որը ցանկանում է նվազեցնել դոլարային կախվածությունը երկրի ոսկու և արժույթի պահուստներում:
Ոսկու պահանջարկը մեծացնող գործոն է նաև ԱՄՆ-ում տոկոսադրույքների նվազեցումը: Պատճառն այն է, որ ոսկու ներդրումները շահութաբեր չեն, ուստի որքան ցածր են տոկոսադրույքները միջազգային շուկաներում, այնքան ցածր է արժեթղթերի (այդ թվում ՝ դոլարային) առավելությունը ոսկու նկատմամբ ։
Անցած ամիս ԱՄՆ դաշնային պահուստային համակարգը վերջին 4 տարվա մեջ առաջին անգամ նվազեցրեց տոկոսադրույքը և, ներդրողների ակնկալիքների համաձայն, 90% հավանականությամբ դա կանի նաև նոյեմբերին։
Նշենք, որ Հայաստանում ոսկու համեմատաբար խոշոր երկու հանքավայր կա (Սոթքի և Ամուլսարի), որոնք պատրաստվում են շահագործման (դրանցից առաջինը՝ ընդմիջումից հետո երկրորդ անգամ): Հանրապետությունում գործում են երկու համեմատաբար փոքր ոսկու հանքեր (Լիճքվազի և Մեղրաձորի), ինչպես նաև ոսկու պարունակությամբ ևս մեկ բազմամետաղային հանք (Շահումյանի՝ Կապան քաղաքի մոտակայքում):