ՔՊ–ն ծրագրում է Կապանի համայնքապետ դարձնել իշխանամերձ գործարար Էդգար Հակոբյանին. ԶԼՄ

Կապան
Գործարարը վստահեցրել է, որ իշխանության ներկայացուցիչների հետ բարձր մակարդակի, բարիդրացիական հարաբերություններ ունի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik․ Կապանի առաջիկա ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ծրագրում է ազատվել Գևորգ Փարսյանից և համայնքապետ դարձնել գործարար Էդգար Հակոբյանին, որը հայտնի է իշխանության հետ լավ հարաբերություններով։ Այս մասին գրում է «Հրապարակը»։
Թերթը գրում է, որ Կապանում կրքերը թեժանում են։ Երեկ նույնիսկ ապամոնտաժվել է նորմատիվ պահանջների խախտումով շահագործվող բենզալցակայան, որը պատկանում է Էդգար Հակոբյանին։ Նա Սյունիքում հայտնի կառուցապատող է և մարզային այցերից մեկի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր նրա ընկերության կառուցած շենքերից մեկը։
«Հրապարակը» կապ է հաստատել Էդգար Հակոբյանի հետ։ Նա նշել է, որ լցակայանը քանդելու որոշման դեմ առարկություն չունի, քանի որ դրա կողքին շենք էր կառուցում, և հիմա եկել է ավարտական ակտը ստանալու պահը, որը հրաժարվել են տրամադրել բենզալցակայանի առկայության պատճառով։
«Ինչ վերաբերում է, որ ինքը կարող է դառնալ իշխանության սրտի թեկնածուն, գործարարը կոռեկտ չի համարել խոսել այդ մասին․ «Հիմա քաղաքը քաղաքապետ ունի, հա՛, ես էլ եմ լսել, որ ինձ ուզում են․․․ Վարչապետի, իշխանական թևի հետ շատ բարձր մակարդակի, բարիդրացիական հարաբերություններ ունեմ, բայց այս պահին դեռ միտք չկա քաղաքականությամբ զբաղվելու, դեռ բիզնեսներն ենք անում»»,- գրում է թերթը՝ մեջբերելով Հակոբյանի խոսքը։
Նշենք, որ Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանի և իշխանության հարաբերությունները տևական ժամանակ է՝ լարված են։ 2021թ․ ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ նա նաև հայտարարել էր, թե ոչ մի դեպքում չպետք է ձայն տալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Դեռ 2021թ․ մամուլը գրում էր, որ իշխանությունները փորձում են Փարսյանին հեռացնել պաշտոնից, նրա փոխարեն նշանակել ՔՊ խմբակցության պատգամավոր կապանցի Դավիթ Դանիելյանին։
2021թ․ նոյեմբերի 14-ին Կապան խոշորացված համայնքում անցկացված ավագանու ընտրություններում Գևորգ Փարսյանի ղեկավարած քաղաքական ուժը՝ «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը, ջախջախիչ հաղթանակ տարավ։ 20 086 ընտրողներից 13 962–ը քվեները տվեցին Փարսյանի գլխավորած ուժին։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին քվեարկեց ընդամենը 5 791 ընտրող։