Իսրայելական ավիացիան 8 հարված է հասցրել Բեյրութի հարավային արվարձանին

Ականատեսների խոսքով՝ ավերվել են շենքեր, խանութներ, վնասվել են թաղամասերի մուտքի ճանապարհները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները 8 հզոր հարված են հասցրել Բեյրութի հարավային արվարձանի մի քանի թաղամասերին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Լիբանանյան NNA գործակալությունն ավելի վաղ հայտնել էր, որ Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները երկու հարված են հասցրել Բեյրութի հարավային արվարձանում գտնվող Հարեթ Հրեյք թաղամասին: Նորհարվածներ են հասցվել Հարեթ Հրեյք, Բուրջ ալ-Բարաժնե և Շուվայֆաթ թաղամասերին։
Ականատեսների խոսքով՝ ավերվել են մի քանի շենքեր, խանութներ, վնասվել են թաղամասերի մուտքի ճանապարհները։
Հիշեցնենք` Իսրայելը հոկտեմբերի 1-ից Լիբանանի հարավում ցամաքային գործողություն է իրականացնում «Հզբոլլահի» ուժերի դեմ և շարունակում հրթիռակոծել հարևան երկիրը, որտեղ արդեն ավելի քան 2 հազար մարդ է զոհվել, ավելի քան մեկ միլիոն անձ փախստական է դարձել: Չնայած կորուստներին (այդ թվում՝ հրամանատարական կազմում)` «Հզբոլլահը» ցամաքային մարտեր է մղում և չի դադարեցնում Իսրայելի տարածքի հրթիռակոծումը:
Իսրայելը նշում է, որ ռազմական արշավի գլխավոր նպատակն է պայմաններ ստեղծել հյուսիսի 60 հազար բնակիչների վերադարձի համար, որոնք մեկ տարի առաջ տարհանվել են «Հզբոլլահի» կողմից պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանն աջակցելու համար սկսված գնդակոծությունների պատճառով:
Իրավիճակը կրկին սրվեց սեպտեմբերի 17-ին և 18-ին Լիբանանի տարբեր շրջաններում կապի միջոցների զանգվածային պայթյուններից հետո, որոնց հետևանքով տասնյակ մարդիկ մահացան, շուրջ 3 հազար քաղաքացիներ վիրավորվեցին: Ավելի ուշ իսրայելական ավիացիան հարվածեց Բեյրութի հարավային արվարձանում գտնվող բնակելի շենքին, ինչի հետևանքով մահացավ ավելի քան 50 մարդ, այդ թվում՝ «Հզբոլլահի» հատուկ գործողությունների ուժերի հրամանատար Իբրահիմ Աքիլը: