ՀԱՄԱՍ–ի քաղբյուրոյի ղեկավար Սինվարը մահից 18 օր առաջ մասնակցել է Ռաֆահի մարտերին. ԶԼՄ

Յահյա Սինվար
Սինվարին խորհուրդ են տվել քաղբյուրոն գլխավորելուց հետո չմասնակցել մարտերի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Յահյա Սինվարը մահից առաջ 18 օր Գազայի հատվածում մասնակցել է իսրայելցի զինվորականների դեմ մարտերին: Տեղեկությունը հայտնում է «Türkiye» թերթը՝ հղում անելով ՀԱՄԱՍ–ի աղբյուրին։
Լրատվամիջոցի զրուցակիցն ասել է, որ երբ Սինվարը օգոստոսին գլխավորել է քաղբյուրոն, նրան խորհուրդ են տվել խուսափել մարտերին մասնակցելուց:
«Բայց նա չէր ուզում հեռու լինել, ուզում էր զոհվել մարտի դաշտում։ Նա 18 օր Ռաֆահում կռվել է Իսրայելի դեմ և մահվան օրը չորս զինակիցների հետ մասնակցել մոտ 2 ժամ տևած մարտին», - հայտնել Է աղբյուրը։
Նա ենթադրում է, որ Սինվարը մահվան պահին մենակ է մնացել, քանի որ զինակիցները ցանկացել են իսրայելցի զինվորականներին այլ ուղղությամբ տանել։
Ըստ աղբյուրի` ՀԱՄԱՍ–ը Սինվարի մահից հետո գործողությունների ճանապարհային քարտեզ է մշակում:
Նշենք, որ հոկտեմբերի 17-ին Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) պաշտոնապես հայտարարեց, որ Սինվարը, որը համարվում է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա աննախադեպ հարձակման գլխավոր կազմակերպիչը, չեզոքացվել է Գազայի հատվածում։

Հայտնի է` Սինվարից հետո ով է ստանձնել ՀԱՄԱՍ-ի ղեկավարի պաշտոնակատարի պարտականությունները