ԱԹՍ–ի հարձակման հետևանքով Լիբանանի քրիստոնեական շրջանում 2 մարդ է մահացել

Լիբանան
Արկը պայթել է մեքենայի կողքին և վնասել այն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Իսրայելական անօդաչու թռչող սարքը Լիբանանի հյուսիսում գտնվող քրիստոնեական Ջունիա շրջանում հարձակվել է մեքենայի վրա: Տեղեկությունը հայտնում է Լիբանանի ազգային NNA գործակալությունը:
Տվյալ տարածքը համարվում է առողջարանային, որտեղ հիմնականում քրիստոնյաներ են ապրում։
«Անօդաչու սարքը հրթիռ է արձակել մեքենայի ուղղությամբ։ Արկը պայթել է մեքենայի կողքին և վնասել այն։ Երկու մարդ վազել են մոտակա ամայի տարածք, որտեղ անօդաչուն նրանց վրա երկրորդ հրթիռն է արձակել», - գրում է լրատվամիջոցը։
Գործակալության տվյալներով՝ մարդիկ տեղում մահացել են։
«Հզբոլլահն» ԱԹՍ է արձակել Նեթանյահուի նստավայրի ուղղությամբ․ վարչապետի գրասենյակ
Հիշեցնենք` Իսրայելը հոկտեմբերի 1-ից Լիբանանի հարավում ցամաքային գործողություն է իրականացնում «Հզբոլլահի» ուժերի դեմ և շարունակում հրթիռակոծել հարևան երկիրը, որտեղ արդեն ավելի քան 2 հազար մարդ է զոհվել, ավելի քան մեկ միլիոն անձ փախստական է դարձել: Չնայած կորուստներին (այդ թվում՝ հրամանատարական կազմում)` «Հզբոլլահը» ցամաքային մարտեր է մղում և չի դադարեցնում Իսրայելի տարածքի հրթիռակոծումը:
Իսրայելը նշում է, որ ռազմական արշավի գլխավոր նպատակն է պայմաններ ստեղծել հյուսիսի 60 հազար բնակիչների վերադարձի համար, որոնք մեկ տարի առաջ տարհանվել են «Հզբոլլահի» կողմից պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանն աջակցելու համար սկսված գնդակոծությունների պատճառով:
Իրավիճակը կրկին սրվեց սեպտեմբերի 17-ին և 18-ին Լիբանանի տարբեր շրջաններում կապի միջոցների զանգվածային պայթյուններից հետո, որոնց հետևանքով տասնյակ մարդիկ մահացան, շուրջ 3 հազար քաղաքացիներ վիրավորվեցին: Ավելի ուշ իսրայելական ավիացիան հարվածեց Բեյրութի հարավային արվարձանում գտնվող բնակելի շենքին, ինչի հետևանքով մահացավ ավելի քան 50 մարդ, այդ թվում՝ «Հզբոլլահի» հատուկ գործողությունների ուժերի հրամանատար Իբրահիմ Աքիլը:
Շիա զինյալներն ի պատասխան հարձակվեցին Իսրայելի ՌՕՈւ «Ռամաթ-Դավիդ» բազայի և Հայֆայի հյուսիսում գտնվող «Ռաֆայել» ռազմարդյունաբերական համալիրի վրա: Մի քանի հրթիռ պայթեց Հայֆայի բնակելի թաղամասերում։