Ծառուկյանը ՌԴ–ում բարձրացրել է արցախահայերի իրավունքների և Բաքվի գերիների հարցը. խոսնակ

Տոնոյանը նշել է, որ տարբեր երկրներ, այդ թվում նաև ՌԴ կատարած այցերը, ոչ թե ԲՀԿ ղեկավարի այցեր են, այլ անձամբ Գագիկ Ծառուկյանի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի - Sputnik. ԲՀԿ առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանն օրերս եղել է Մոսկվայում, այնտեղ բարձրացրել արցախահայության իրավունքների և Բաքվում պահվող հայ գերիների հարցը։ Այս մասին տեղեկացնում է Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։
Նա նշել է, որ Ծառուկյանը ՌԴ մայրաքաղաքում հանդիպումներ է ունեցել քաղաքական, հասարակական շրջանակների, հայ համայնքի ազդեցիկ ներկայացուցիչների հետ։
«Եղել են քննարկումներ, մտքերի հետաքրքիր փոխանակումներ ընդհանուր պատմական ժառանգության, ընդհանուր անցյալի կարևորման վերաբերյալ։ Այս համատեքստում քննարկվել են մշակութային, գիտակրթական միջոցառումների համատեղ անցկացման հնարավորությունները, տարբեր մարդասիրական նախագծերի տարբերակներ»,–հայտնել է Տոնոյանը։
Նա շեշտել է, որ տարբեր երկրներ, այդ թվում նաև ՌԴ կատարած այցերը ոչ թե ԲՀԿ ղեկավարի այցեր են, այլ անձամբ Գագիկ Ծառուկյանի, և դրանք չեն հետապնդում որևէ կուսակցական շահ։
Ծառուկյանը դիմել է ՄՕԿ-ին՝ կոչ անելով ջանքեր գործադրել Բաքվի հայ գերիներին ազատելու համար
Հավելենք, որ հոկտեմբերի 20-ին կայանալու է Երևանի բերդի ազատագրման տարեդարձին և հայ-ռուսական հարաբերություններին նվիրված միջոցառում, որը կրելու է «Բարեկամության պատմություն» խորագիրը: