Միրզոյանը և Բայրամովը որոշել են շարունակել բանակցությունները խաղաղության պայմանագրի շուրջ

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Ստամբուլում
Կողմերը պայմանավորվել են շարունակել ջանքերը սեղմ ժամկետներում պայմանագրի կնքման ուղղությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Ստամբուլում ավարտվել է «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի շրջանակում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
«Կողմերը շարունակել են «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» պայմանագրի շուրջ բանակցությունները և պայմանավորվել են շարունակել ջանքերը պայմանագրի վերջնականացման և սեղմ ժամկետներում կնքման ուղղությամբ»,– ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ կողմերը գնահատել են Թուրքիայի հյուրընկալությունը։
Ավելի վաղ Մոսկվայում հոկտեմբերի 7-8-ը կայացած ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին առաջարկել էր երկօրյա հանդիպում կազմակերպել արտգործնախարարների մակարդակով, որպեսզի վերջնականապես համաձայնեցվի խաղաղության պայմանագրի նախագիծը:
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ ղեկավարները վերջին անգամ հանդիպել են սեպտեմբերի 26–ին Նյու Յորքում, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի նախաձեռնությամբ և մասնակցությամբ։
Միրզոյանը և «3+3» հարթակի մյուս արտգործնախարարները Ստամբուլում հանդիպել են Էրդողանի հետ