ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Յահյա Սինվարի մահից հետո ՀԱՄԱՍ-ի առաջնորդներից Հալեդ Մաշալն է ստանձնել է շարժման ղեկավարի պարտականությունները։ Տեղեկությունը հայտնում է լիբանանյան LBCI հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Մաշալը ղեկավարել է ՀԱՄԱՍ շարժումը Պաղեստինի սահմաններից դուրս:
«Բանակցություններին և բանտարկյալների խնդիրների լուծմանը մասնակցող բոլոր առանցքային մասնակիցների հետ շփումների պատասխանատուն այժմ Մաշալն է»,– հայտնում է հեռուստաալիքը:
Աղբյուրները LBCI–ին հաստատել են, որ ՀԱՄԱՍ-ի ղեկավարությունը Սինվարի մահվան մասին տեղեկացրել է Թուրքիայի, Կատարի և Եգիպտոսի պաշտոնյաներին:
Նշենք, որ հոկտեմբերի 17-ին Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) պաշտոնապես հայտարարեց, որ Սինվարը, որը համարվում է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա աննախադեպ հարձակման գլխավոր կազմակերպիչը, չեզոքացվել է Գազայի հատվածում։