Բաքվի դատարանը երկարաձգել է Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը

Ռուբեն Վարդանյան
Արցախի նախկին պետնախարարի կալանքը 5 ամսով երկարաձգվել էր նաև մայիսին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Բաքուն երկարաձգել է Արցախի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները։
Վարդանյանը կալանքի տակ է պահվում արդեն ավելի քան 1 տարի։ Նրա կալանքը 5 ամսով երկարաձգվել էր մայիսին։
Նրա փաստաբանները հոկտեմբերի 3-ին հայտնել էին, որ դատական հայցեր են ներկայացրել Բաքվի դատարան՝ պնդելով, որ Վարդանյանը կտտանքների է ենթարկվել և զրկվել է դատավարության արագ իրականացման իրավունքից:
Հիշեցնենք` ադրբեջանցի սահմանապահները 2023 թվականի սեպեմբերի վերջին ձերբակալեցին Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին։
Ադրբեջանական լրատվամիջոցները հոկտեմբերի 11-ին հայտնեցին, որ երկարաձգվել է Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Բաբայանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Մանուկյանի և մյուսների կալանքի ժամկետը։