ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Երեկվա հորդառատ տեղումների հետևանքով անձրևաջրերը լցվել են Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մի քանի դասասենյակներ, սակայն երաժշտական գործիքները չեն թրջվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց կոնսերվատորիայի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ծովինար Մովսիսյանը։
«Դասասենյակներում առկա բոլոր երաժշտական գործիքները եղել են ցելոֆանապատ։ Անձրևաջրերը լցվել են դասասենյակներ, թրջվել են առաստաղը, պատերը, քանի որ երկու մասնաշենքերում էլ հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում, և տանիքը բաց է»,- ասաց Մովսիսյանը։
Նրա խոսքով՝ երեկ կոնսերվատորիայի որոշ աշխատակիցներ հերթապահության են մնացել, ղեկավարությունը ևս շենքում է եղել։ Ամեն ինչ արել են հնարավոր հետևանքները մեղմելու համար։
«Հանդիպել ենք Քաղաքաշինության կոմիտեի աշխատակիցների հետ, որոնք շինարարության պատվիրատուն են, հանդիպել ենք նաև շինարարների և շինարարությունն իրականացնող «Բիդեքս» ՍՊԸ-ի ղեկավարի հետ։ Աշխատանքներ են տարվում անձրևի պատճառած վնասները վերացնելու ուղղությամբ»,-ասաց նա։
Այժմ կոնսերվատորիայի ոչ բոլոր դասասենյակներում են դասեր անցկացվում։ Շենքի մի մասնաշենքը հիմնանորոգման պատճառով դատարկ է, մյուսում էլ դասապրոցեսը խիտ գրաֆիկով է կազմակերպված` ընդհուպ մինչև 23․00-ն։
«Երեկ դասապրոցեսը դադարեցրել ենք ժամը 20։00-ին, քանի որ վտանգավոր էր, բայց այսօր երեխաները ժամը 08։00-ից մասնակցում են դասերին»,- ասաց նա։
Հիշեցնենք` Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Արևմուտքից ներթափանցած ակտիվ ցիկլոնի պատճառով ՀՀ–ում հորդառատ տեղումներ են սպասվում։ Ակտիվ վիճակը պահպանվելու է մինչև հոկտեմբերի 18-ի առավոտը ներառյալ։