Ո՞վ Բրյուսելի իր հանդարտ կյանքը կփոխարինի կրակոցների տակ ապրելու հետ. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետի խոսքով` ժողովրդագրության հիմքը բարեկեցությունն է, որի մեջ մտնում են առողջապահությունը, կրթությունը, ազատությունը, արդարությունը, կարգուկանոնը, իրավակարգը, ներքին և արտաքին անվտանգությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ–ում արտագաղթի դրդապատճառները մինչ օրս բավարար չափով ուսումնասիրված չեն։ Այս մասին ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով ՀՀ–ում ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024–2040 թթ ռազմավարությանը։
«Ինչպես ու ինչ շեշտադրումներով խոսել ժողովրդագրության մասին մի միջավայրում, որտեղ երկրի բնակչության մի շատ զգալի հատվածի առաջնային խնդիրն է` ոնց անել, որ իր տղան բանակ չգնա»,– հայտարարեց նա։
Քանի՞ մարդ է ՀՀ-ից արտագաղթել, որ իր երեխան չհայտնվի խրամատում. Նիկոլ Փաշինյան
Վարչապետը պատմեց, որ Եվրոպայում սրճարանում եղել են դեպքեր, երբ մատուցողները հայ են եղել ու երբ հետաքրքրվել է նրանց արտագաղթելու պատճառների մասին, պարզվել է, որ ՀՀ–ում ինչ–որ մեկին դուր չի եկել տվյալ անձի սանրվածքը կամ այն, որ նա ականջին օղ է կախել։
«Կամ, ասենք, խաշ կամ քաբաբ չի սիրում։ Եթե այս ամենը խորքային չվերլուծենք, մենք ամբողջական պատկերացում չենք ունենա արտագաղթի մասին։ Մենք անընդհատ սփյուռքի ներուժի մասին կենացներ ենք ասում, որ նրանք գան հայրենիք…Բայց ինչի՞ համար գան, ո՞վ Բրյուսելի իր հանդարտ կյանքը կփոխարինի, ասենք, Մովսես գյուղում կրակոցների տակ ապրելու հետ»,– նշեց Փաշինյանը։
Փաշինյանի խոսքով` ժողովրդագրության հիմքը բարեկեցությունն է, որի մեջ մտնում են առողջապահությունը, կրթությունը, ազատությունը, արդարությունը, կարգուկանոնը, իրավակարգը, ներքին և արտաքին անվտանգությունը։ Օրինակ, ըստ նրա, ՀՀ–ում այսօր աղքատ մարդու անկյունաքարային խնդիրը կրթությունն է։
«Արցունքներն աչքերին հեռանում են». Սերժ Սարգսյանը խոսել է արտագաղթից