ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Վերադարձվող եկամտահարկի չափը նվազեցնելու հետևանքով դրա խթանիչ նշանակությունը հիփոթեքային վարկավորման համար չի վերանա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեսակետ է հայտնել Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Արմեն Քթոյանը`մեկնաբանելով կառավարության վերջին որոշումը։
Հիշեցնենք` գործադրի հոկտեմբերի 17-ի նիստում ընդունված որոշմամբ հիփոթեքային վարկավորման տոկոսադրույքների մարման նպատակով վերադարձվող եկամտային հարկի առավելագույն չափը 2025թ–ի հունվարի մեկից կրկնակի նվազեցվել է` եռամսյակի համար 1.5 մլն դրամի փոխարեն սահմանվելով 750 000 դրամ։
Այսինքն` պետական բյուջեից վարկառուն և համավարկառուն հաջորդ տարվանից կնքվող հիփոթեքային պայմանագրերով կստանան ամսական մինչև 250 հազար դրամ։
Արմեն Քթոյանը հիշեցնում է, որ պետությունը նախկինում էլ չի երաշխավորել, թե ամբողջությամբ պետք է հատուցի քաղաքացու վճարած տոկոսադրույքը։
«Այսինքն` պետությունն ասում է. ես այսքանը հատուցում եմ ձեր եկամտային հարկից, մնացածը` դուք: Այսինքն, այս խթանիչը դեռևս պահպանվում է»,– ասում է Քթոյանը` հավելելով, որ նախորդ 10 տարիների ընթացքում եկամտահարկի վերադարձի շնորհիվ հիփոթեքային շուկան բավական ակտիվացրել է` տնտեսության համար դրական ազդեցություն ունենալով։ Բայց մյուս կողմից այդ գումարը ծախսվել է պետական բյուջեից` այլ հարկատուների վճարած գումարներից։
Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ եկամտահարկի վերադարձի առաջին տարում` 2015թ․-ին, պետբյուջեից վարկառուներին է վերադարձվել 274 մլն դրամ։ Գումարը տարեցտարի աճել է` 2024թ-ի առաջին կիսամյակում հասնելով արդեն 32.1 մլրդ դրամի։
Արմեն Քթոյանը հիշեցնում է, որ պետական աջակցության նպատակը ոչ միայն շինարարության խթանումն է, այլև առաջին հերթին՝ սոցիալական բաղադրիչը։ Բայց անցած 10 տարվա փորձը վկայում է, որ ծրագիրն այդպես էլ հասցեականություն չստացավ։
«Ստացվում է, որ այդ պրոյեկտը ֆինանսավորվել է պետական բյուջեի հաշվին, իսկ պետական բյուջեն քաղաքացիներս ենք, բոլորս։ Այդ պրոյեկտը տրամաբանական է դիտվում, եթե ունի ընդգծված սոցիալական բաղադրիչ։ Այստեղ հարց է` արդյո՞ք դրանից օգտվել և օգտվում են միայն նրանք, ովքեր դրա կարիքն ունեն, թե՞ նաև նրանք, ովքեր բնակարանի առաջնային կարիք չունեն, պարզապես օգտվում են անտոկոս վարկ վերցնելու և չգիտեմ որերորդ բնակարանը ձեռք բերելու համար»,– հռետորական հարցադրում է անում մեր զրուցակիցը։
Կառավարության առաջարկած նոր սահմանափակումը, Քթոյանի համոզմամբ, ևս չի լուծելու հիշատակած խնդիրը։
Բնակարանների գների և հիփոթեքային վարկի պահանջարկի վրա կառավարության որոշման ազդեցությունը, տնտեսագետի կանխատեսմամբ` մեծ չի լինի, քանի որ շուկայում կան այլ գործոններ, որոնք կարող են հիփոթեքային վարկի նկատմամբ նոր պահանջարկ ձևավորել։
«Ի վերջո, եթե տնտեսությունն աճում է, եկամուտներն ավելանում են, միգուցեշրջանակը այն տնայի տնտեսությունների, որոնք կարող են իրենց հիփոթեք թույլ տալ, որոշակիորեն ընդլայնվի։ Իհակե, ոչ մեծ տեմպերով։ Այլ գործոն էլ կա` ԿԲ–ի կողմից վերաֆինանսվորման տոկոսադրույքի նվազեցումը, որը ոչ միանգամից, բայց երկարաժամկետ հատվածում նպաստում է հիփոթեքային վարկի տոկոսադրույքների նվազմանը, և այդ գործիքը կարող է շատ ավելի մեծ թվով մարդկանց համար մատչելի դառնալ։ Այս և մի շարք այլ գործոնները կարող են պահանջարկի ավելացման պատճառ դառնալ` ի հակակշիռ պահանջարկի հնարավոր այն կրճատման, որ կարող է տեղի ունենալ այս որոշման արդյունքում»,– կարծում է Արմեն Քթոյանը։
Նկատենք, որ վերադարձման ենթակա եկամտային հարկի եռամսյակային առվելագույն գումարը կրկնակի նվազեցնելու որոշումը կառավարությունը հիմնավորել է պետական ֆինանսական համակարգի արդյունավետության բարձրացմամբ ու պետբյուջեով սահմանված հարկային եկամուտների ապահովմամբ։
Հատկանշական է, որ կառավարության որոշման նախագծում հիշեցում կա, որ 2025թ–ից եկամտահարկի վերադարձը Երևանի տարածքում նոր վարկային պայմանագրերի համար այլևս չի գործելու։ 2027 թվականի հունվարի 1-ից հետո այն դադարելու է գործել նաև Արագածոտնի, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերում, իսկ 2029 թվականի հունվարի 1-ից հետո` ՀՀ ամբողջ տարածքում։ Բացառություն են կազմելու միայն կառավարության հաստատած ցանկում ներառված սահմանամերձ բնակավայրերում գտնվող կամ կառուցվող տներն ու բնակարանները։