ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. «Սրբազան պայքար»–ին խանգարում է մեկ բան` հասարակությունն անընդհատ ենթարկվում է տեղեկատվական ահաբեկության։ Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը` խոսելով այն մասին, թե ինչու իր գլխավորած շարժումը հաջողություն չի գրանցում:
Նշենք, որ սրբազանն Ազգային ժողով էր եկել` մասնակցելու «Հայաստանի Անկախության մասին հռչակագրի անժամանցելի արդիականության մասին» ԱԺ հայտարարության նախագծի լսումներին։
«Ոչ մեկը չի խանգարում, որ շարժումը հաջողության հասնի։ Խանգարում է մեկ բան, որ ամբողջ մեր ժամանակահատվածում հասարակությունը ենթարկված է տեղեկատվական ահաբեկության։ Ստի, զրպարտանքի, խարդավանքների այն ահռելի ծավալը, որ լցված է դաշտ, և ոչ միայն այսօր... բայց դա մի դրվագ է այն ողջ թշվառության, որ կոչվում է պետական կառավարման համակարգ: Մենք շատ հաճախ ուշադրություն չենք դարձնում կառավարության նիստերին, թե ինչպես են վարվում այնտեղ, ինչեր են քննարկում, ինչ են խոսում: Իրենց ներքին միության սյուները երկուսն են՝ փող և իշխանություն: Իշխանությունն իրենց համար էլ ոչ թե պատասխանատվություն է, այլ հաճույքներ»,– ասաց նա:
Հիշեցնենք` Բագրատ սրբազանն ապրիլից ակտիվ գործունեություն էր իրականացնում Տավուշի մարզում, ապա Երևանում ու ՀՀ տարբեր մարզերում` բողոքի ակցիաներ, երթեր, համախոհների հետ հանդիպումներ` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Հավաքների ակտիվությունը նվազեց ԱԺ–ի շենքի մոտ հունիսի 12-ին տեղի ունեցած բախումներից հետո։
Որոշակի դադարից հետո սեպտեմբերի 22-ին «Սրբազան պայքար» շարժումը հավաք անցկացրեց Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Հաջորդ հանրահավաքն անցկացվեց հոկտեմբերի 2-ին Հանրապետության հրապարակում։ Այդ օրը Բագրատ սրբազանը հայտարարեց, որ պայքարը շարունակելու են այնքան ժամանակ, քանի դեռ Փաշինյանին իշխանությունից չեն հեռացրել։ Նույն օրը հանրահավաքից հետո նա Հանրային հեռուստաընկերություն գնաց ու ուղիղ եթերում դիմեց գործարարներին և Փաշինյանին։