Ինչի՞ց է բխում ՀՀ անկախության հռչակագրի մասին ԱԺ նախագիծը. Մանուկյանը ներկայացրեց զեկույցը

Խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունները դատապարտում են Անկախության հռչակագրի դերը հայ ժողովրդի կյանքում խեղաթյուրելու փորձերը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. «Հայաստանի Անկախության մասին հռչակագրի անժամանցելի արդիականության մասին» ԱԺ հայտարարության նախագիծը բխում է հայ ժողովրդի անվտանգության և հայոց պետականության ամրապնդման հրամայականից։ ԱԺ–ում ներկայացնելով նախագիծը` այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Նշենք, որ ՀՀ Ազգային ժողովում «Հայաստանի Անկախության մասին հռչակագրի անժամանցելի արդիականության մասին» ԱԺ հայտարարության նախագծի լսումներն են, որը նախաձեռնել է «Հայաստան» խմբակցությունը։
Այս նախագծի համար առիթ է հանդիսացել Սահմանադրական դատարանի վերջերս կայացրած որոշումը, որով դատարանը փաստացի արժեզրկել է Հայաստանի անկախության հռչակագիրը, որին հղում կա Սահմանադրության նախաբանում։ ՍԴ–ն որոշել է, որ հռչակագիրն իրավական ուժ չունի։ Այս հանգամանքը լայն քննարկումների առիթ է դարձել, շատ փորձագետներ և ընդդիմադիրներ կարծում են, որ այդ հատվածը ՍԴ որոշման մեջ ներառվել է ի շահ Ադրբեջանի։
ՍԴ–ն որոշում է կայացրել. սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը սահմանադրական է
Հայտարարությունում ասվում է, որ անընդունելի են ՀՀ Անկախության մասին հռչակագիրը, հայոց պետականության հիմնարար սկզբունքները նսեմացնելու փորձերը։ Հայտարարության հեղինակները դատապարտում են հռչակագիրը Սահմանադրությանը արհեստական հակադրելու գործողությունները։
Որոշման նախագծով հռչակագրում ամրագրված համազգային արժեքներն ու գաղափարները համարվում են երկրի անվտանգության հիմք, և այդ արժեքների դեմ ցանկացած ոտնձգություն համարվում է առանձնապես ծանր հանցագործություն Հայաստանի դեմ։
Հայտարարության հիմնավորման մեջ ասվում է, որ դրա անհրաժեշտությունը բխում է հայկական պետականության անվտանգության և ամրապնդման նկատառումներից:
Հիշեցնենք` ՄԱԿ-ի գագաթնաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ եթե խաղաղության պայմանագիրը հակասի ՀՀ Սահմանադրությանը, անհրաժեշտություն կլինի սահմանադրական փոփոխություններ անել խաղաղության հասնելու համար։
Միաժամանակ նա վստահեցրել էր, որ գործող ՀՀ Սահմանադրությունը չի պարունակում տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ, ինչպես պնդում է Ադրբեջանը, ու դա հայկական կողմը կարող է գրավոր հիմնավորումներով ապացուցել բոլոր միջազգային գործընկերներին։
ՀՀ Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 26-ի իր որոշմամբ վճռեց, որ Հայաստանի Անկախության մասին հռչակագրում հաստատագրված համազգային այն նպատակները, որոնք Սահմանադրության բուն տեքստում տեղ չեն գտել, չունեն իրավական ուժ։