ՀՀ քաղաքացիություն ստանալու և դադարեցնելու համար սահմանված պետական տուրքերը կբարձրացվեն

Անձնագիր
Գործող տուրքերի չափերը սահմանվել են 1997 թվականին և շուրջ 30 տարվա ընթացքում չեն վերանայվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ քաղաքացիություն ստանալու և դադարեցնելու համար սահմանված պետական տուրքի դրույքաչափերը զգալի կավելանան։ Որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի խոսքով` ՀՀ քաղաքացիություն ստանալու համար 1000 դրամի փոխարեն պետական տուրք կսահմանվի 50 հազար դրամը, իսկ քաղաքացիության դադարեցման համար` նախկին 25 հազար դրամի փոխարեն 150 հազար դրամ։
«Խնդիրն այստեղ փողը չէ, այլ քաղաքացիությունն է. թվում է` մենք մարդկանց այսպիսով լավություն ենք անում, բայց իրականում` ոչ»,– իր հերթին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը`անդրադառնալով գործող տուրքերին։
Նախարարը նշեց, որ այդ տուրքերի չափերը սահմանվել են 1997 թվականին և շուրջ 30 տարի չեն վերանայվել։
«Այսպիսով վերարժևորում է նաև քաղաքացիության ինստիտուտը` ընդգծելով քաղաքացի–պետություն կապի կարևորությունը»,– հայտարարեց նախարարը։
Ղազարյանի խոսքով` այս տուրքի դրույքաչափերի բարձրացումը չի տարածվի փախստականների, այդ թվում` ԼՂ–ից բռնի տեղահանված և ժամանակավոր պաշտպանության տակ գտնվող անձանց վրա. նրանք բոլորն ազատված կլինեն տուրքերի վճարներից։
Օրենքի նախագիծն ուժի մեջ կմտնի ԱԺ հաստատումից հետո` 10 ամիս անց` պայմանավորված տեխնիկական նախապատրաստական աշխատանքների հետ։
Արցախից բռնի տեղահանված անձանցից 3431–ը ՀՀ քաղաքացիություն են ստացել